Ալիևն ու Զարիֆը Բաքվում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆն այսօր Բաքվում կայացած բանակցություններում քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին տիրող լարվածությունը: Այս մասին, Interfax.az-ի հաղորդմամբ, հայտնել է Բաքվում Իրանի դեսպանությունը։
«Ադրբեջանի նախագահն ու Իրանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, ադրբեջանա-հայկական սահմանին առկա լարվածությունը, կոմունիկացիոն միջանցքները, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը», - ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քննարկվել է տարածաշրջանում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) վեցակողմ համագործակցության շրջանակներում նախաձեռնությունների իրականացումը և այլ հարցեր:
Դիվանագիտական առաքելությունը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել է նաև «Իրանի մասնակցությունը Ղարաբաղում Ադրբեջանի ազատագրված տարածքների ականազերծմանը և այս տարածաշրջանում վերակառուցմանը»:
«Ադրբեջանի նախագահը և Իրանի արտգործնախարարը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, համատեղ տնտեսական նախագծերը, նշել վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը», - ասել է Ադրբեջանում Իրանի դեսպանությունը:
Նշենք, որ Բաքվից Զարիֆը ժամանելու է Հայաստան։