Ռուբեն Ասատրյան. «Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարելը հայրենասիրության դրսևորում է»
Ամփոփվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ այս տարվա փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել բաղմաթիվ պրեմիերաներ, երկարամյա դադարից հետո մեծ բեմից հնչել են Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, Ադամ Խուդոյանի, Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները։
Փակման գալա համերգը մեկնարկել է Հայկ Բոյաջյանի Թավջութակի եռամաս կոնցերտի պրեմիերայով։
Փարիզում ծնված կոմպոզիտորը Թավջութակի իր կոնցերտի մասին ասել է. «Իմ եռամաս թավջութակի կոնցերտն իր խորքում մի քանի տարրերի միաձուլում է: Դրանք սկիզբ են առնում իմ կյանքի մշակութային արմատներից․ ես նախևառաջ ծագումով հայ եմ, ապա ֆրանսիացի եմ՝ ըստ ծննդավայրի, և արգենտինացի՝ իմ անձի ձևավորման առումով, քանի որ պատանեկությունս անցել է Բուենոս Այրեսի արվարձանում: Դրանից հետո միայն՝ քսաներկու տարեկանից ապրել եմ ԱՄՆ-ում: Այս ազդեցություններից է մշտապես հղկվել իմ երաժշտական լեզուն: Իմ ստեղծագործությունների մեծ մասում արևելյան ու արևմտյան ավանդույթները փոխակերպվում են այնպիսի երաժշտական լեզվի, որ բնորոշ է հենց իմ ներաշխարհին»։
Փառատոնի փակման երեկոյի ընթացքում հնչել է նաև Ադամ Խուդոյանի Թավջութակի թիվ 2 կոնցերտը, որը հայ կոմպոզիտորական դպրոցի ամենադրամատիկ կոնցերտներից մեկն է։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ հնչեցրել է Մարտին Ուլիխանյանի «Լամենտո» ստեղծագործությունը թավջութակի և լարային նվագախմբի համար, որը նվիրված է Արցախյան պատերազմում նահատակված հերոսների մայրերին։
Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել թավջութակահար Արամ Թալալյանը։
Համերգային ծրագիրն ամփոփվել է ևս մեկ պրեմիերայով. Հնչել է անվանի կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաևի «Ալպիական դիմակահանդես» սիմֆոնիկ պատկերը, որը հեղինակը գրել է երեք տարի առաջ։
Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։ Դիրիժորը, խոսելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նշանակության մասին, շեշտել է, որ այն մեծ դեր է կատարում մեր մշակութային կյանքում։ Նա նշել է, որ խորհրդային տարիներին բոլոր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ձայնագրվում ու պահպանվում էին, ինչի շնորհիվ մեր կոմպոզիտորական դպրոցը մեծ ճանաչում ձեռք բերեց։ Խորհրդային տարիներից հետո այս ասպարեզում վակուում էր առաջացել։ Այժմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբը, նախաձեռնելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, շարունակում է այդ արժեքավոր գործը։ Դիրիժորն ընդգծում է այն փաստը, որ փառատոնի շրջանակներում բազմաթիվ պրեմիերաներ են ներկայացվում։
«Ստեղծագործություններն անպայման պետք է բեմ բարձրանան, հակառակ դեպքում հավասարազոր են չգրվելուն։ Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարելը հայրենասիրության դրսևորում է»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները