Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց տնտեսական զարգացումների համար ճչացող անհրաժեշտությունը
«Առաջնայինը և կարևորագույնը թե տնտեսական զարգացման տեսակետից, որը կապված է մեր հարկաբյուջետային հարաբերությունների հետ, թե տնտեսությանը զարկ տալու, թե անվտանգային միջավայրն ապահովելու տեսակետից, որն անհրաժեշտ է տնտեսական զարգացման համար, Սյունիքում ու արևելյան հատվածներում ենթակառուցվածքների վրա ծախսեր կատարելն է»,-նման համոզմունք հայտնեց Հայաստանում ամերիկյան համալսարանի գործառնության ու տնտեսագիտության ֆակուկտետի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ նա մասնակցում է «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի՝ տնտեսական հարցերի վերաբերյալ կազմակերպած ու այս պահին ընթացող կլոր սեղան-քննարկմանը։
Գաբրիելյանի խոսքով, ենթակառուցվածքներ ասելով պետք է հասկանալ սահմանների կահավորումը, ճանապարհները, թվային ենթակառուցվածքները և այլն։
«Կարծում եմ, որ շատերը համամիտ են սա դիտարկել որպես առաջնահերթություն, քանի որ մեր պարտքի պայմաններում մենք պետք է պահենք ոսկե կանոնը, որի վերաբերյալ վերջնական ձևակերպումները տվեցինք 2017 թվականին, երբ Վարդան Արամյանը ֆինանսների նախարար էր։ Կապիտալ ներդրումների կատարումը ևս շատ կարևոր է, որպեսզի տնտեսական պոտենցիալ չկորցնենք։ Եկեք նայենք Սյունիքին ոչ միայն որպես անվտանգային մաս, այլև որպես տնտեսական գոտի»,-հորդորեց նախկին փոխվարչապետը։
Նա նկատեց, Սյունիքն այն մարզն է, որի բնակիչներն ամենաքիչն են արտագնա աշխատանքի մեկնում, ինչը հանքարդյունաբերության շնորհիվ է։
«Հանքարդյունաբերությունն ապահովում է նորմալ եկամուտներ։ Ահա այդ պատճառով Սյունիքում միջին աշխատավարձը համադրելի, անգամ ավելի է Երևանի հետ։ Մենք որևէ այլ մարզում նմանատիպ զարգացում չունենք, և դա միայն հանքարդյունաբերության շնորհիվ է»,-նշեց Գաբրիելյանը։
Ամփոփելով խոսքը, տնտեսագետն ասաց, տնտեսական զարգացման համար հարկաբյուջետային հարաբերություններում պետք է լինի վերադարձ ոսկե կանոնին, ինչպես նաև կապիտալ ծախսերի կատարումը, ենթակառուցվածքների արդիականացումը հատկապես Սյունիքում ու Հայաստանի՝ նորահայտ արևելյան սահմանների մոտ, այդ թվում նաև Գեղարքունիքի մարզում։
«Իմ կարծիքով, սա ճչացող անհրաժեշտություն է, որն իր արտացոլումը պետք է գտնի պետական ֆինանսների մեջ։ Այն կստեղծի նաև համապատասխան միջավայր տնտեսական զարգացումների համար»,-ասաց բանախոսը։
Հիշեցնենք, որ ոսկե կանոնների համաձայն, ընթացիկ ծախսերը չպետք է մեծ լինեն հարկային մուտքերից, կապիտալ ծախսերը պետք է մեծ լինեն բյուջեի դեֆիցիտից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում