Վրաստանը նշում է Անկախության օրը
Այսօր` մայիսի 26-ին Վրաստանը նշում է Անկախության օրը:
Ազգային խորհրդի որոշմամբ, 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանը հայտարարվեց անկախ հանրապետություն: Նոե Ժորդանիան ընտրվեց Հանրապետության Նախագահ: 1918 թվականի մայիսի 26-ին ընդունվեց «Վրաստանի պետականության անկախության ակտը»:
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը, որի անկախությունը ճանաչեցին եվրոպական առաջատար երկրները, դադարեց գոյություն ունենալ երեք տարի անց, Խորհրդային Ռուսաստանի կողմից օկուպացիայից հետո: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Վրաստանը կարողացավ վերականգնել իր անկախությունը 70 տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին:
Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառումը կանցկացվի Ազատության հրապարակում: Հանդիսավոր իրավիճակում մարտական պատրաստության կենտրոնի 247 նորակոչիկներ զինվորական երդում են տալու և դառնալու են Վրաստանի պաշտպանության ուժերի լիիրավ անդամներ:
Բացի այդ, երդումը տալուց հետո խոսքով ելույթ կունենան երկրի առաջին դեմքերը: Միջոցառմանը ներկա կլինի նաև Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
Ազատության հրապարակում կներկայացվեն «Դիդգորի» վրացական ռազմական զրահամեքենայի տարբեր տեսակներ, ինչպես նաև Պաշտպանության ուժերի սպառազինությունում գտնվող զրահամեքենաներ և հրետանային զենքեր: Ազատության հրապարակում միջոցառումը կավարտվի Պաշտպանության ուժերին պատկանող նորացված «Սու 25» կործանիչների թռիչքով:
Միջոցառումից հետո, Վրաստանի Առաջին Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատար, Վրաստանի ազգային հերոս, գեներալ Գիորգի Կվինիտաձեի դին, որը մայիսի 22-ին Ֆրանսիայից տեղափոխվել էր Վրաստան, դուրս կբերվի Սուրբ Երրորդության տաճարից: Սուրբ Երրորդության տաճարի բակում նախատեսված են ելույթներ:
Գիորգի Կվինիտաձեի աճյունը հողին կհանձնեն՝ Մթածմինդայի գրողների և հասարակական գործիչների պանթեոնում, ռազմական պատվով: Արարողությանը կմասնակցեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան և պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն:
Օրվա վերջում, Զաքարիա Փալիաշվիլիի օպերայի և բալետի թատրոնում տեղի կունենա Անկախության օրվան նվիրված գալա համերգ:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, Վրաստանն այս տարի ազգային տոնը նշում է համեստորեն: Ուստի, ի տարբերություն նախորդ տարիների, Ազատության հրապարակում և Ռուսթավելիի պողոտայում հասարակական զբոսանքներ և տարատեսակ ցուցահանդեսներ չեն լինի:
Քաղաքացիները Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառումը կկարողանան դիտել ուղիղ հեռարձակմամբ: