Լուկաշենկո․ Ryanair-ի ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությունը եկել է Շվեյցարիայից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ryanair-ի ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությունը եկել է Շվեյցարիայից: Բելառուսի նախագահը նշել է, որ Արևմուտքը հրաժարվել է մասնակցել ինքնաթիռի հետ կապված միջադեպի հետաքննությանը: Այս մասին գրում է Euronews-ը։
Լուկաշենկոն ասել է, որ Ryanair-ի չվերթի ինքնաթիռում ահաբեկիչ է եղել, ինչի մասին իմացել են նաև Բելառուսից դուրս:
Նա նաև նշել է, որ դրսից հանրապետությանը չարակամները հատել են բազմաթիվ կարմիր գծեր:
«Ինչպես և կանխատեսում էինք, դրսից և երկրի ներսում մեր չարակամները փոխել են պետության վրա հարձակման մեթոդները: Նրանք հատել են շատ կարմիր գծեր, հատել ողջախոհության և մարդկային բարոյականության սահմանները»,- ասել է Լուկաշենկոն՝ խորհրդարանականների, Սահմանադրական հանձնաժողովի անդամների և կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Խոսելով 2020-ի բողոքի ցույցերի մասին՝ Լուկաշենկոն նշել է, որ «աշխարհի ոչ մի երկիր նման բազմակողմանի, բազմամակարդակ ահաբեկչության չի բախվել»:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս ուղևորվող Ryanair ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում՝ ռումբի մասին կեղծ հաղորդագրություններից հետո։ Վայրէջքից հետո ինքնաթիռում գտնվող Ռոման Պրոտասևիչը ձերբակալվել է Բելառուսի իշխանությոնների կողմից։
Հաղորդվում է, թե նրան կարող է սպառնալ մահապատիժ։ Ռոման Պրոտասևիչը Nexta նախագծի հեղինակներից է, որը լուսաբանել է Բելառուսի նախագահական ընտրությունների դեմ բողոքի ցույցերը 2020 թ. օգոստոսին։
Այն երկրում ճանաչվել է որպես օտարերկրյա ծայրահեղական կազմակերպություն և արգելված է, իսկ դրա հեղինակներ Ստեփան Պուտիլոն և Ռոման Պրոտասևիչը ընդգրկված են ահաբեկչական գործողություններում ներգրավված անձանց ցուցակում: Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև երկրի իշխանությունների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ «սոցիալական թշնամանք հրահրելու» գործողությունների մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի կողմից Ryanair-ի հարկադիր վայրէջքին Արևմուտքի արձագանքը Զախարավան «հիստերիկ» է անվանում
- ԵՄ-ն արգելեց բելառուսական ավիաընկերությունների թռիչքները ԵՄ օդանավակայաններ ու իր օդային տարածքով
- Wizz Air-ը շրջանցում է Բելառուսի օդային տարածքը՝ Ryanair-ի հետ կատարվածից հետո
- Ըստ Իռլանդիայի արտգործնախարարության՝ Ryanair ինքնաթիռում ՊԱԿ-ի գործակալներ են եղել
- Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը
- Եվրախորհրդարանը Ryanair չվերթի հետ կապված միջադեպը որակել է «պետական ահաբեկչություն»
- Բլինքենի հայտարարությունը՝ Բելառուսի կողմից Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի ու Պրոտասևիչի ձերբակալման մասին