Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում՝ իր անձնական որոշմամբ. Լիլիթ Մակունց
«Ձեր լուրերը ճիշտ են, այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում, որը իր անձնական որոշումն է»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա հավաստիացրեց, որ Արտակ Մանուկյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն նույնպես սեփական որոշմամբ չեն ընդգրկվելու ցուցակում:
«Չգիտեմ հետո ինչպես կլինի, բայց իրենք մեր թիմի անդամ են, հարգում եմ իրենց որոշումը»,- ասել է նա:
Մակունցը նաև հայտնեց, որ էլի պատգամավորներ են լինելու, որոնք չեն ընդգրկվի ՔՊ ցուցակում։
Պատասխանելով ՔՊ ցուցակում գործարարներին ընդգրկելու մասին լրագրողի հարցին՝«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նկատեց, որ Հայաստանում փոքր կրպակից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ և ընտրություններին նրանց մասնակցությունը կարգավորվում է օրենքով:
«ՀՀ օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ, այն է՝ նրանց ոչ թե արգելում է զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելու է դրանց համատեղումը»,- պատասխանեց պատգամավորը։
Նկատի ունենալով Խաչատուր Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին ՔՊ ցուցակներում ընդգրկելու փաստը, լրագրողները հիշեցրեցին, որ առաջ էլ կային գործարար պատգամավորներ, որոնք պնդում էին, որ իրենց բիզնեսը տվել են հավատարմագրային կառավարման, բայց գործող իշխանությունն ընդդիմություն եղած ժամանակ քննադատում էր նման գործելաոճը:
«Տարբեր արատավոր երևույթներ եղել են ՀՀ-ում՝ այդ թվում քաղաքական կամքի բացակայության պատճառով, կամ ինչ-ինչ կոռուպցիոն նպատակներով։ Եթե որևէ բան արգելված չէ, օրենքը նաև նախատեսում է կարգավորման եղանակները և բոլորը հավասար են այդ առումով, ես որևէ կերպ օրենքից դուրս չեմ կարող լինել»,- պատասխանեց Մակունցը: