Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է
Կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է:
«Նա է այն մարդը, որն իր «Բարև, ես եմ»-ով նոր ճանապարհ բացեց հայ կինոյի համար, տարավ հայ կինոն աշխարհով մեկ, տարավ Կանն, որն անհասանելի էր ու դրանից հետո էլ մնաց անհասանելի:
Իր «Սարոյան եղբայրներ»-ով խոսեց իր ժողովրդի հետ, ու այդ զրույցը չի ընդհատվել արդեն տասնյակ տարիներ: Իր «Երևանյան օրերի խրոնիկա»-ով հավերժացրեց երևանյան մարդուն, երևանյան մարդու տեսակը՝ փոխելով, էլի փոխելով հայ կինոյի ընթացքը:
Իր «Երկունք» մեծագույն կտավով շարունակեց դեռևս «Սարոյան եղբայրներ»-ով սկսված զրույցը:
Իր «Մենավոր ընկուզենի»-ով նոր զրույց սկսեց՝ ամփոփելով բոլոր նախորդ զրույցներում առկա հոգու ճիչը՝ «էս ի՞նչ եք անում, տղերք»...
Շնորհավոր ծնունդդ, ՎԱՐՊԵՏ»,- նշված է Կինեմատոգրաֆիստների միությաբ ֆեյսբուքյան էջում:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի էջում գրված է. «Տաղանդավոր կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանն այն քչերից էր, ով իր կինոժառանգությամբ հայ կինոյի պատմությունն ու դիմագիծը ձևավորեց: Սունդուկյան թատրոնի ստուդիայից սկսված նրա ստեղծագործական ճանապարհը շարունակվեց Համամիութենական կինոինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում՝ խորհրդային կինոյի հսկայի՝ Սերգեյ Գերասիմովի արվեստանոցում: Այնուհետև հայտնի կինոստուդիաներում նկարահանած ֆիլմերը՝ «Դիմա Գորինի կարիերան» և «Առավոտյան գնացքները» Դովլաթյանին առաջին ճանաչումը բերեցին, իսկ «Հայֆիլմում» նրա ստեղծած ֆիլմերը հայկական կինոյի դովլաթյանական գեղագիտությունը ստեղծեցին:
Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը իր նոր մտածողությամբ ու մեծ գեղագիտությամբ շրջանցեց երկաթե վարագույրը և հայկական կինոն ներկայացրեց եվրոպական ամենանրբաճաշակ կինոստուգատեսում՝ Կաննի կինոփառատոնում»:
Ֆրունզե Դովլաթյանը 1947թ. ավարտել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանական ստուդիան: 1942-53թթ աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան: 1944թ-ից նկարահանվել է կինոյում` «Դավիթ Բեկ» (1944թ.), «Անահիտ» (1947թ.), «Ինչու է աղմկում գետը» (1958թ.), «Բարև, ես եմ» (1965թ.), «Սարոյան եղբայրներ» (1968թ.) և այլն: 1960թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Ս.Գերասիմովի արվեստանոցը: 1959-64թթ աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում:
1966-69թթ եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղարը, 1986թ-ից` «Հայֆիլմ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարը: Կինոաշխարհում դրսևորվել է որպես իր գործին բացառիկ նվիրված ու աշխատասեր անհատ, ազգային կինոարվեստում իր ասելիքն ունեցող, արդիաշունչ խնդիրները խորությամբ ընկալող ու յուրովի մեկնաբանող բեմադրիչ: Նկարահանել է մի շարք կինոնկարներ` «Առավոոտյան գնացքներ» (1963թ.), «Բարև, ես եմ» (1965թ.), «Սարոյան եղբայրներ» (1968թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (1973թ.), «Երկունք» (1977թ.), «Ապրեցեք երկար» (1979թ.), «Մխիթարյանները» (1982թ.), «Մենավոր ընկուզենի» (1986թ.), «Կարոտ» (1989թ.), «Լաբիրինթոս» (1995թ.) և այլն: Կինոռեժիսորի «Բարև, ես եմ» (1965թ.) կինոնկարով նշանավորվել է հայ կինոյի նոր փուլը:
Ֆ. Դովլաթյանը մահացել է 1997 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան