
Զինծառայողներն առևանգվել են ՀՀ ինքնիշխան տարածքում ականապատման աշխատանքներ կատարելու ժամանակ
Գործադիրի լիազորությունները ժամանակավորապես կատարող կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հայ 6 զինծառայող առևանգվել են ՀՀ ինքնիշխան տարածքում ականապատման աշխատանքներ կատարելու ժամանակ :
«Դրանք իրականացվել են ոչ թե դիվերսիոն նպատակով, այլ ականապատում է իրականացվել՝ զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ, այդ գործողություներն իրականացվել են սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար»,- հայտնեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ մայիսի 12-ից ՀՀ տարածքում գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներ և հարցն այդ համատեքստում է, իսկ նման գործընթացներն անընդունելի են Հայաստանի համար:
Փաշինյանը հայտարարեց, որ նման միջադեպերը տեղի են ունենում միտումնավոր. «Ոմանք ուզում են, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող»:
Փաշինյանը հայտարարեց, որ հարցը չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակով և պետք է դատապարտել միջադեպը բանակի դեմ օգտագործելու փորձերը, քանի որ բանակը կատարում է իր գործառույթը:
Նկատենք որ զինվորների առևանգման և սահմանախախտման դեպքերի համար որևէ մեկը բանակին չի մեղադրել, այլ մշտապես մատնանշվել է գործող իշխանությունների՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի անկարողությունը և զիջողական քաղաքականությունը: