
Ֆրանսիայի ԱԳՆ․ Առավելագույն զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած սադրանքից
Ֆրանսիան իր խոր մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միջադեպերի աճի կապակցությամբ, որոնցից վերջինը 2021 թվականի մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինվորների գերեվարումն է: Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ֆրանսիան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած սադրանքից:
Նշվում է, որ երկու երկրների միջև սահմանի սահմանազատումը և սահմանագծումը պետք է իրականացվի որպես կողմերի միջև բանակցությունների մի մաս:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հիշեցնում է նաև Ֆրանսիայի նախագահի մայիսի 13-ի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Մակրոնը Ֆրանսիայի հավատարմությունն էր հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը։
«Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին` այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։