«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի նախարար եղած ժամանակ ԱՆ աշխատակիցների պարգևատրումը գերազանցել է սահմանված չափը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է անցկացրել Առողջապահության նախարարությունում. ուսումնասիրվել է նախարարության 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31 ընկած ժամանակահատվածի գործունեությունը, երբ նախարարը Արսեն Թորոսյանն էր: Պարզվել է, որ նախարարության գործունեության նկատմամբ ներքին աուդիտ չի իրականացվել: Գործուղման ծախսերի հատուցումը կատարվել է աշխատակիցների գործուղումից վերադառնալուց հետո՝ կարգով սահմանվածից ուշ: Գործուղման վկայականները լրացվել են սխալներով ու ջնջումներով:
Օրինակ՝ նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, որը օրերս բարձր պարգև ստացավ, 2020-ի փետրվարի 7-9-ը գործուղվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Սիսիան քաղաքներ, սակայն նախարարի հրամանը եղել է 2020-ի փետրվարի 10-ին: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ թվով 5 աշխատակցի սահմանվածից 14 մլն 68 հազար դրամ ավելի պարգևավճար է վճարվել: Նշենք, որ 22 աշխատակիցների գործերի ուսումնասիրության ընթացքում չի գտնվել որևէ մեկը, որին հանձնարարված լիներ որևէ հատուկ առաջադրանքի կատարում, որը պարգևատրման հիմք կհանդիսանար, և որոշ աշխատակիցների պարգևատրումը գերազանցել է սահմանված չափը:
Օրինակ՝ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մարտ-հունիս ամիսներին պարգևատրվել է 7 մլն 349 հազար 800 դրամով՝ 4 մլն 250 հազար դրամի փոխարեն: Սակայն Հաշվեքննիչ պալատը ի գիտություն չի ընդունել նախարարության պարզաբանումը և փաստել է, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: 2019-2020թթ. թվականների արձակուրդի օրերը չսպառած՝ տրամադրվել է 2021 թվականի արձակուրդային օրերից, և կատարվել միանվագ նպաստի վճարում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: