
Լիտվայի ԱԳՆ․ Սահմանազատման համաձայնություն կարելի է ձեռք բերել միայն բանակցություններով և ոչ սահմանին զորքեր հավաքելով
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասվում է, որ Լիտվայի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով:
«Մենք մտահոգված ենք երկու երկրների զինված ուժերի սահմանային բախումների մասին հաղորդագրություններով, որոնք վտանգում են ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների կյանքը: Կոչ ենք անում երկու կողմերին դեէսկալացնել իրավիճակը և դուրս բերել զորքերը:
Սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին համաձայնություն կարելի է ձեռք բերել միայն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե սահմանին զորքեր հավաքելով:
Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրավիճակին: Կարծում ենք, որ դեէսկալացիային ուղղված քայլերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասվում է հայտարարության մեջ։