ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Մինսկի գործողությունները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ` Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որոնց միացան Իռլանդիան, Նորվեգիան, Բելգիան, Գերմանիան և Էստոնիան, դատապարտել են Բելառուսում Ryanair ինքնաթիռի հարկադիր վայրէջքի հետ կապված միջադեպը` այն անվանելով «սպառնալիք» եվրոպական անվտանգությանը: Այս մասին գրում է Euronews-ը։
ՄԱԿ ԱԽ-ն պահանջում է համապարփակ հետաքննություն վարել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից:
ՄԱԿ-ում Էստոնիայի մշտական ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնն ասել է․ «Մենք կշարունակենք մեծացնել ճնշումը պաշտոնական Մինսկի վրա, այդ թվում` սահմանափակող միջոցների օգնությամբ, որպեսզի այս երկրի իշխանությունները պատասխանատվություն կրեն կատարվածի համար: Մենք դատապարտում ենք նման գործողությունները, որոնք ուղղված են խեղդելու խոսքի ազատությունը»:
Երկուշաբթի օրվանից Բելառուսի երկինքը փակ է եվրոպական ավիափոխադրողների համար, իր հերթին երկրի ավիաընկերությունները զրկված են Եվրամիության տարածքում գտնվող օդանավակայաններից օգտվելու հնարավորությունից: Այս որոշումներն ընդունվել են միաձայն ԵՄ անդամ 27 երկրների գագաթնաժողովում:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող ինքնաթիռում կային երկու ընդդիմադիր լրագրողներ՝ Բելառուսի քաղաքացի Ռոման Պրոտասևիչը և նրա ընկերուհին՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆյա Սապեգան: Ռումբի կեղծ ահազանգի միջոցով ինքնաթիռը իջեցվել է Մինսկում, որից հետո Պրոտասևիչն ու Սապեգան ձերբակալվել են և բերման ենթարկվել։ Դատարանը երկուսի համար էլ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը՝ առայժմ երկու ամսով:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկո․ Ryanair-ի ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությունը եկել է Շվեյցարիայից
- Բելառուսի կողմից Ryanair-ի հարկադիր վայրէջքին Արևմուտքի արձագանքը Զախարավան «հիստերիկ» է անվանում
- Wizz Air-ը շրջանցում է Բելառուսի օդային տարածքը՝ Ryanair-ի հետ կատարվածից հետո
- Ըստ Իռլանդիայի արտգործնախարարության՝ Ryanair ինքնաթիռում ՊԱԿ-ի գործակալներ են եղել
- Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը
- Բլինքենի հայտարարությունը՝ Բելառուսի կողմից Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի ու Պրոտասևիչի ձերբակալման մասին