ՀՀ-ն իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. Ադոնց
ՀՀ ԱԳՆ-ում մայիսի 27-ին տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ արձագանքման վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Ավետ Ադոնցը ներկայացրել է մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորամիավորումների սադրիչ գործողությունները՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի գերեվարմանը։
Գնդապետ Կարապետյանը ներկայացրել է դեպքի մանրամասները՝ նշելով, որ գերեվարված ՀՀ ԶՈՒ զինծառայողները չեն հատել ՀՀ պետական սահմանը և գերեվարվել են ՀՀ պետական սահմանից 800 մետր խորության վրա։
Ըստ աղբյուրի՝ Ավետ Ադոնցը նշել է, որ Հայաստանն ակնկալում է գործընկեր և բարեկամ երկրների անհապաղ և հասցեական արձագանքը և գործուն միջամտությունը, այդ թվում՝ Ադրբեջանի վրա անմիջական ազդեցությունը՝ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ անհապաղ դադարեցնելու և իր զինված ուժերը մայիսի 10-ի դրությամբ ելման դիրքեր վերադարձնելու համար:
«Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան, իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ցանկացած գնով պաշտպանելու և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,- ավելացրել է ԱԳ նախարարի տեղակալը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան