ԱՄՆ պաշտոնյա. Ռուսաստանը «պատրաստ է» օդային հարվածներ իրականացնել Սիրիայում
Սիրիայում ռուսական օդային հարվածները կարող են տեղի ունենալ ցանկացած պահի: Այս մասին հաղորդում է CNN հեռուստալիքը` հղում անելով հետախուզական վերջին տվյալներին տեղյակ ամերիկացի պաշտոնյայի խոսքին:
«Դրանք կարող են ամեն պահի սկսվել։ Նրանք պատրաստ են»,- ասել է պաշտոնյան։
Աղբյուրի փոխանցմամբ` պաշտոնյան հավելել է, որ ռուսական կողմի` արդեն իսկ մի քանի օր շարունակվող ճանաչողական թռիչքներից հետո չսկսելու որևէ պատճառ չկա։ Ռուսական անօդաչու ինքնաթիռները հավանական թիրախների վերաբերյալ տեղեկատվություն են հավաքել։ Սակայն Միացյալ Նահանգները տեղյակ չեն, թե ռուսները երբ են կայացնելու օդային հարվածների վերաբերյալ որոշումը։
Ինչպես նշվում է, Լաթաքիայի ռազմակայանում տեղակայված են SU-34 ռուսական չորս կործանիչներ և ավելի քանի 600 զինուժ։
Աղբյուրի փոխանցմամբ` պենտագոնի մամուլի խոսնակ Պիտեր Քուկը երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել էր, որ պաշտպանության քարտուղար Էշթոն Քարթերը իր անձնակազմին կարգադրել է երկխոսություն սկսել ռուսական կողմի հետ` ռազմական գործողությունների ժամանակ հնարավոր անցանկալի բախումներից խուսափելու համար:
Ինչպես նշվում է, Քուկը նաև հավելել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում երկու երկրները ընդհանուր դիրքորոշում ունեն, իսկ Քարթերը հստակեցրել է, որ «նպատակն ԻԼԻՊ-ի դեմ պայքարը պետք է լինի, այլ ոչ թե Ասադի վարչակարգին պարտության մատնելը»։
Աղբյուրը միաժամանակ հավելում է, որ ԱՄՆ պաշտոնյաները այդուհանդերձ թերահավատ են Սիրիայում ռուսական կողմի հետապնդած նպատակների հետ կապված:
«Մենք ականատես ենք լինում այդ օդային տարածքում պաշտպանական բավականին լուրջ համակարգի տեղակայմանը։ Մենք ականատես ենք լինում լուրջ «օդից-օդ» կործանիչի տեղակայմանը։ Չեմ կարծում, որ ԻԼԻՊ-ին դիմակայելու համար անհրաժեշտ կլինեն SA15s եւ SA22s։ Չեմ կարծում, որ ԻԼԻՊ-ն այնպիսի կործանիչներ կիրառի, որոնց դեմ կպահանջվի «օդից-օդ» կործանիչների առկայությունը»,- CNN-ը մեջբերում է ՆԱՏՕ-ի Գերագույն դաշնակցային հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավի խոսքը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում