Մեր ստորաբաժանումները հետ կքաշենք այն պայմաններում, եթե նրանք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին. Էդվարդ Ասրյան
«Գրանցվել են մի շարք միջադեպեր, երբ թե՛ մեր, թե՛ ադրբեջանցի զինծառայողները ձեռնամարտի են բռնվել, մեջքին առ վիճակում ունենալով հաստիքային զենքերը և նույն իրավիճակը սկսվել է նաև այսօր առավոտյան արձանագրված գործողության ընթացքում»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ ԶՈ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը:
Նման վարքագիծը բարձրաստիճան զինվորականը բացատրեց նրանով, որ 16 օր է, ինչ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ստեղծված իրավիճակը փորձում է հարթել առանց զենքի ու ուժի կիրառման:
Նրա պատմելով՝ այսօր առավոտյան ադրբեջանցիները մոտեցել են մեր 4 զինծառայողների, որոնք կատարել են համապատասխան աշխատանքներ, զենքերն ուղղելով նրանց վրա՝ հրամայել են հանձնվել և մյուս երկու հայ զինծառայողները, որոնք գտնվել են որոշակի հեռավորության վրա բանակցային գործընթաց սկսելու նպատակով մոտեցել են հակառակորդին:
«Բայց, փաստորեն, հակառակորդը լինելով նենգ, դավադիր, որդեգրած լինելով իր նենգ քաղաքականությունը, զինաթափել և գերեվարել են մեր 6 զինծառայողներին»,- հայտնեց Ասրյանը:
Նրա խոսքով՝ այս պահին կատարվում են համապատասխան աշխատանքներ, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի միջոցով բանակցությունները շարունակվում են, որի շրջանակներում հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ, թե հայկական, թե իրենց ուժերի հետքաշման պայմանով:
«Իսկ մենք հայտնել ենք մեր պայմանները, որ մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք ժամը 5-ից 10-ը լրիվ ծավալով զբաղեցրել են իրենց դիրքերը, հետ կքաշենք այն պայմաններում, եթե նրանք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին, այլ պայման մեր համար ընդունելի չէ»,- հայտնեց ԳՇ պետի տեղակալը:
Էդվարդ Ասրյանը շեշտեց, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նշված ուղղություններում պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելու, բոլոր դեպքերում ռազմական ղեկավարությունը, բարդ իրավիճակներ չստեղծելու համար, փորձում է բանակցային ճանապարհով լուծել հարցը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ հրապարակել է զինծառայողների գերեվարման վայրի քարտեզը
- ՀՀ ԱԳՆ․ Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն