Ռոբերտ Քոչարյան. Գյուղատնտեսության ոլորտում կայուն անկում է, ինչը խայտառակություն է
«Սա այն ոլորտն է, որտեղ զբաղված է երկրի բնակչության 25-30 տոկոսը, իսկ Հայաստանում նույնիսկ գյուղատնտեսության նախարարություն չկա, գյուղացին մենակ է մնացել և չգիտի՝ ում դիմել»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 26-ին գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Հանդիպման մասնակիցներին հուզող հարցերից են եղել գյուղատնտեսության ոլորտի պրոֆիլային կառույցի՝ նախարարության բացակայությունը, թուրքական գյուղմթերքի ներմուծումը, տեղական արտադրանքի իրացումը, արտահանումը, Լարսի հետ կապված՝ հաճախ ի հայտ եկող խնդիրները և այլ հարցեր։
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտը կայուն անկում է ապրում։ Ընդ որում՝ անկում է և՛ ոլորտը, և՛ նրա մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքի մեջ։ Իսկ ժամանակին ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կայուն ցուցանիշ ուներ՝ մոտ 11 տոկոս։
«Սա նշանակում է, որ ոլորտում խորքային խնդիրներ կան։ Ցավոք, չկա մի մարմին, պատասխանատու անձը, որը պետք է այդ բացատրությունը տա։ Որևէ խելամիտ բացատրություն, թե ինչ է կատարվում այս ոլորտում, չկա։ Որևէ մեկը չգիտի, թե այսօր ով է գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն։ Չգիտենք, ում հարցնեն, ումից պահանջենք։ Գյուղատնտեսության ոլորտում կայուն անկում է, ինչը խայտառակություն է»,-նշել է նա՝ ընդգծելով, որ գլխավոր պատճառը վատ կառավարումն է։
ՀՀ երկորրդ նախագահը նշել է, որ լուծումներ չեն տրվել ջրի ոռոգման, արտադրանքի իրացման խնդիրներին։ Կան լիզինգի, խորհրդատվական բնույթի խնդիրներ, որոնց ուղղությամբոչինչ չի արվում։
«Հիմա գյուղացուն թողել են մեն-մենակ հողի հետ, ասում են՝ կռիվ տուր։ Որ ասում է՝ չի լինում, ինքնարժեքը ցածր է, ասում են՝ դե ինչ է եղել, կոպիտ ասած, բրախի էդ հողը, գնա մի տեղ աշխատի։ Գնա արտադրությունում, արդյունաբերությունում աշխատի։ Բայց էդ անտերն էլ չի աճում»,-ընդգծել է նա։
Անդրադառնալով թուրքական գյուղարտադրանքի ներմուծման և տեղական արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրներին, նախագահ Քոչարյանն ասել է, որ մաքսային քաղաքականության և վարչարարության գործիքակազմի շնորհիվ հնարավոր է կարգավորել այդ հարցերը։
«Մենք Թուրքիայի և նրա արտադրանքի առջև որևէ պարտավորություն չունենք․ սահմանը փակ է, չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Սա միանգամից լուծվող հարց է, և հանրային քննարկման կարիքն էլ չունի։ Փակում ենք այդ արտադրանքի մուտքը և վերջ»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտում առկա հարցերը կարելի է շատ արագ լուծել և ոլորտը կարող է դինամիկ աճ ունենալ՝ հիշեցնելով, որ ունեցել ենք տարեկան 8 տոկոս աճ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ, ձախողվելու է
- Գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալն էականորեն պետք է մեծանա․ Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Մեր երկրում չունենալ գյուղատնտեսության նախարարություն ուղղակի զավեշտ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան