
Ռուսաստանը վերահաստատում է իր կոչը Հայաստանին ու Ադրբեջանին՝ բանակցությունների ընթացքում խաղաղ ճանապարհով լուծել բոլոր առաջացող խնդիրները
Մայիսի 27-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անատոլի Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ տեղի է ունեցել կարծիքների և գնահատականների օգտակար փոխանակում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:
«Ռուսական կողմը վերահաստատել է իր կոչը կողմերին՝ բանակցությունների ընթացքում խաղաղ ճանապարհով լուծել բոլոր առաջացող խնդիրները: Ռուսաստանը պատրաստ է շարունակել հնարավոր օգնություն տրամադրել այս գործընթացին»,-ասվում է հաղորդագրության մեջ։