Երևանի թիվ 155 հիմնական դպրոցի չորս շրջանավարտներ... Անավարտ կյանքեր
Վահե Կարապետյան, Համլետ Գրիգորյան, Գրիգոր Թեյմուրազյան, Սերգեյ Վարդանյան: Նրանք եղել են Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի շրջանավարտներ: Նրանք եղել են Արցախյան վերջին պատերազմի մասնակից: Տղաներն այժմ չկան, բայց նրանց հարազատները, ուսուցիչներն ու դասընկերներն ամեն ինչ անում են, որ նրանց բացակա չդնեն:
Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում այսօր միջոցառում էր՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված շրջանավատներ Վահեին, Համլետին, Գրիգորին ու Սերգեյին: Տեղի ունեցավ Փառքի սրահի բացում, որտեղ ներկայացված են զոհված չորս հերոսների անձնական իրերը, լուսանկարները, պատվոգրերը, շքանշանները: Ռազմագիտության դասարանն էլ անվանակոչվեց չորս տղաների անուններով:
Նրանց նվիրված միջոցառման շրջանակներում բարձր դասարանների աշակերտները հանդես եկան արձակագիր Պերճ Զեյթունցյանի «Վերջին արևագալը» վեպի բեմականացմամբ։
«Արցախյան պատերազմում բազում հայորդիներ ընկան, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայրենի հողի պաշտպանության համար: Նրանց շարքերում էին մեր դպրոցի սաները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Մանվելյանը:
Նա նշեց, որ պատիվ չի ունեցել նրանց ճանաչել, դասավանդել, քանի որ վերջին երեք տարին է, ինչ աշխատում է այս դպրոցում, բայց նրանց դասավանդող բոլոր ուսուցիչների խոսքերով՝ Վահեն, Համլետը, Գրիգորն ու Սերգեյը եղել են հրաշք տղաներ, սովորել ու ավարտել են գերազանց առաջադիմությամբ, օժտված են եղել բարձր մարդկային արժեքներով, որակներով, անմահացել են, հերոսացել, որ մենք կարողանանք ապրել:
Միջոցառմանը ներկա «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ այս դպրոցում մշտապես հաղթանակին նվիրված միջոցառումների է ներկա եղել, սակայն այսօր...
«Խոնարհվում եմ բոլոր մայրերի, քույրերի առջև: Պատվով մահն անպատիվ ապրելուց վեր է: Փառքով ու պատվով հայրենիքի համար իրենց կյանքը տվեցին, մենք այս տղաներին բացակա դնելու իրավունք չունենք»,- նշեց նա:
«Զինվոր» ՀԿ-ների համակարգող խորհրդի անունից, դպրոցի տնօրենի համաձայնությամբ, տղաները պարգևատրվեցին «Զինվոր հայրենյանց» մեդալներով:
Մեդալները հանձնեցին Վահեի, Համլետի, Գրիգորի ու Սերգեյի ծնողներին, որոնք դանդաղ քայլերով, գլուխները կախ, արցունքն աչքերին մոտենում, վերցնում ու հեռանում էին՝ կարծես չնկատելով իրենց շուրջը հավաքված մարդկանց, որոնք նույնպես արցունքն աչքերին հետևում էին ողջ արարողությանը:
Վահե Կարապետյանի մայրը՝ տիկին Կարինան, պատմեց, որ որդին բանակ է զորակոչվել 2020 թ. հունվարի 10-ին: Ծառայել է նախ Քանաքեռի զորամասում, ապա տեղափոխվել Սիսիանի զորամաս:
«Վահես Քանաքեռում վեց ամիս շատ լավ ծառայել է, հպարտ էր, որ հայոց բանակում էր: Նա շատ խելացի էր, 5 լեզու գիտեր: Այնուհետև տեղափոխեցին Սիսիանի զորամաս: Երկու ամիս էր այնտեղ, որ սկսվեց պատերազմը: Հոկտեմբերի 6-ին ծնունդն էր, ինքը Սիսիանի դիրքերում էր, բայց ուզում էր գնալ Ղարաբաղ, հասնել իր ընկերներին: Բոլոր ընկերները Ղարաբաղում էին ծառայում: Հաղորդագրություն ունի գրած, ասում է՝ չէ, չեն տարել ինձ, բայց ուշք ու միտքս Ղարաբաղի տղերքիս կողմն է:
Հետո իրեն դիրքերից իջացրել են ու տարել Հադրութ: Ոնց հասկանում ենք, արդեն գրաված տարածք էր եղել, տղաները չեն իմացել՝ ուրախ, զվարթ գնացել են օգնելու իրենց քույրերին, մայրերին, որ թուրքը չկարողանա մտնել Հայաստան: 5 օր շրջափակման մեջ են եղել, ԱԹՍ հարվածից վիրավորում է պարանոցի շրջանում: Մինչև լուսաբաց տղաս չի դիմանում, արնաքամ է լինում Վահես:
Դեկտեմբերի 16-ին նոր թուրքը թողել է մտնել այդ տարածք, որտեղ թողել էին Վահեիս: Երբ հարցնում էի մյուս տղաներին՝ ինչու Վահեիս չէիք վերցրել ձեզ հետ, ասում էին՝ չգիտեինք ուր էինք գալու, ինչքան էինք գնալու, երևի մոլորվել էին:
Ամուսնուս հետ շատ ենք տանջվել, օր ու գիշեր սպասում էինք: Հույս ունեի, որ կգա, շատ բախտավոր էր, մտածեցի փրկվել է:
Հունվարի 24-ին ամուսինս զորամասի հրամանատարի հետ, ով գիտեր որտեղ էին թողել Վահեին, այդտեղից դուրս են բերում նրա մարմինը: Հուղարկավորել ենք հունվարի 29-ին Եռաբլուրում»,- այսքանը դժվարությամբ պատմեց տիկին Կարինան:
Վահե Կարապետյանը ծնվել է 2001 թվականին: 2019 թվականին ընդունվել է Հայ-ֆրանսիական համալսարան: Ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել է ծառայության: Բարեխիղճ ծառայության և կարգապահության համար արժանացել է պատվոգրերի: Զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 19-ին:
Գրիգոր Թեյմուրազյանը ծնվել է 1998 թվականին: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, ծառայել Ջրականում: Զորացվելուց անմիջապես հետո սկսել է աշխատել: Սակայն 2020 թ. հոկտեմբերին 16-ին կրկին մեկնել է իրեն հոգեհարազատ վայր՝ Ջրական: Գրիգորը զոհվել է հոկտեմբերի 18-ին:
Սերգեյ Վարդանյանը ծնվել է 1993 թվականին: 2014-2016 թթ. ծառայել է Հայոց բանակում, լավ ծառայության համար արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի: 2017 թ. անցել է ծառայության ՀՀ սահմանապահ զորքերում՝ որպես պայմանագրային զինծառայող: 2020 թ. սեպտեմբերի 28-ին մեկնել է ռազմաճակատ: Հոկտեմբերի 29-ին հատուկ նշանակության ջոկատի հետ մեկնել է Մարտունու շրջան: Սոս գյուղի մոտակայքում ընթացող մարտերում նոյեմբերի 1-ին զոհվել է:
Համլետ Գրիգորյանը ծնվել է 2000 թվականին: ԵՊՀ Տնտեսագիտական ֆակուլտետի առաջին կուրսից զորակոչվել է բանակ: Ծառայության ընթացքում աչքի է ընկել բարձր կարգապահությամբ, կազմակերպչական մեծ ձիրքով, հրամանատարական կազմի կողմից արժանացել է բազում շնորհակալագրերի, ստացել է սերժանտի կոչում, նշանակվել ականանետային դասակի հրամանատար: Զոհվել է 2020 թ. նոյեմբերի 2-ին:
Չորս տղաներն էլ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալներով:
Հարակից հրապարակումներ`
- Անմահ տղաներ, որ երկնքից պարտադրում են պայքար
- Գևորգ Ջավախյան. Անավարտ մնացած մի կյանք
- Մեռելոցը՝ Հայոց նահատակաց. «Ձեզ բացակա չենք դնի»
- Երկու որդի, երկու եղբայր՝ Ջրականին
- Հուշ-երեկո՝ նվիրված ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանին
- Արտյոմ Եղոյան. «23 տարեկան եմ ու արդեն 21 տղա ունեմ»
- Պատերազմում կյանքի մի դրվագ. Հրաշքով ողջ գտնված զինծառայողներն ու նրանց հեռվից հեռու փրկած ընտանիքը
- Ազնավուրի հրապարակում հնչեցին բարձր ու տևական ծափահարություններ պատերազմում անմահացած տղաների համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան