ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի է
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հայտարարություն են արել։
Ասվում է, որ համանախագահները մայիսի 27-ին և 28-ին Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատար Ֆիլիպինո Գրանդիի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
«Համանախագահներն ի գիտություն են ընդունում մայիսի 27-ին 6 հայ զինծառայողների ձերբակալվելու մասին զեկուցումները և կոչ են անում ազատել բոլոր ռազմագերիներին և մյուս կալանավորվածներին՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով: Համանախագահներն ընդգծում են միջազգային մարդասիրական օրենսդրությանը համապատասխան կալանավորված անձանց հետ վարվելու պարտավորությունը:
Համանախագահները վճռականորեն կոչ են անում կողմերին՝ անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի բոլոր սահմանափակումները, և կողմերին կոչ են անում ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:
Համանախագահները մտահոգությամբ նշում են նաև Հայաստան-Ադրբեջան չսահմանազատված սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ վերջին հաղորդագրությունները:
Սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի է: Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի տեղափոխումը, իրավիճակը լիցքաթափելու և սահմանը խաղաղ սահմանազատելու և սահմանագծելու բանակցություններ սկսելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել այս գործընթացին դյուրացման հարցում:
Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի իրենց մանդատի պայմանները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա՝ համանախագահները կրկին կոչ են անում կողմերին՝ հնարավորինս շուտ ներգրավվել գործընթացում՝ իրենց հովանու ներքո»,-ասվում է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պետդեպը՝ Ադրբեջանին․ Անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերադառնալ մայիսի 11-ի դիրքեր
- Ռուսաստանը վերահաստատում է իր կոչը Հայաստանին ու Ադրբեջանին՝ բանակցությունների ընթացքում խաղաղ ճանապարհով լուծել բոլոր առաջացող խնդիրները
- Ֆրանսիայի ԱԳՆ․ Առավելագույն զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած սադրանքից
- ՊՆ հրապարակել է զինծառայողների գերեվարման վայրի քարտեզը
- ՊՆ-ն հաստատում է՝ գերեվարվել է վեց զինծառայող