Իրանն ու Ադրբեջանը եղբայրական հարաբերություններ են ձևավորել Ադրբեջանի անկախությունից ի վեր. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի ազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ կարևորելով երկրների միջև հարաբերությունները և վստահություն հայտնելով, որ իրենք կզարգացնեն փոխգործակցությունը տարբեր ոլորտներում:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, Ալիևին ուղված ուրբաթօրյա ուղերձում Ռոհանին շնորհավորել է «եղբայրական և բարեկամ» երկրի կառավարությանն ու ժողովրդին:
«Որպես երկու բարեկամական հարևաններ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը բարձր մակարդակով եղբայրական հարաբերություններ են ձևավորել Ադրբեջանի անկախությունից ի վեր՝ ապավինելով պատմական, մշակութային և կրոնական կապերին»,-ասվում է Ռոհանիի ուղերձում:
Իրանցի նախագահը նաև հույս է հայտնել, որ իրենց երկրները կամրապնդեն համագործակցությունը, կզարգացնեն քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը, ինչպես նաև կխորացնեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: