Ծովինար Կոստանյան. Ճգնաժամում հայտնված Հայաստանում լայն կոնսոլիդացիայի խնդիր ու պահանջ կա
«Հայաստանն այսօր շատ ծանր ճգնաժամի ճիրաններում է հայտնվել, որը պայմանավորված է թե՛ ներքաղաքական օրակարգի, թե՛ Հայաստանի սահմանների շուրջ առաջացած իրավիճակի հետ»,- այս մասին Երևանում անցկացվող քննարկմանը հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
Նա նման պայմաններում ընտրությունների անցկացումն անթույլատրելի է համարում։
«Ընտրությունները քաղաքական ուժերի միջև պայքար են ենթադրում, բայց այսօր տեսանելի է, որ այդ պայքարը միանշանակ դրական չի կարող ազդել մեր երկրում ազգային համախմբման վրա։ Ընտրությունների ազդեցությունը լինելու է միայն բացասական»,- նշեց նա ու միասնականության, ազգային գաղափարների շուրջ համախմբելու կոչ հնչեցրեց։
ՀԱՍԱԿ-ի նախագահը նաև նկատեց, բացի առկա ծանր վիճակից, քաղաքական ուժերին պատշաճ ներկայանալու, ծրագրերը ներկայացնելու հնարավարություն չի ընձեռվի, քանի որ ժամանակը քիչ է։
«Մենք տեսնում ենք, որ պայքարը լինելու է երկու հիմնական ուժերի միջև: ՀԱՍԱԿ-ը այս ընտրություններում չեզոք է լինելու՝ վստահ լինելով, որ մեր հասարակությունը խոհեմ կգտնվի ճիշտ որոշում կայացնելու համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք կարևորում են ոչ թե խորհրդարանում հայտնվելը, այլ խաղաղ, ուժեղ, կայուն երկիր ունենալը։
Ղուկասյանի խոսքով, խորհրդարանական արտահերթ ընտրություններին չմասնակցելու որոշում կայացնելը, չի նշանակում, որ կուսակցությունը պասիվ գործելաոճ է որդեգրելու, էլ ավելի ակտիվ է լինելու և պատրաստվելու է քաղաքական հաջորդ գործընթացներին:
Քննարկմանը մասնակցող ՀԱՍԱԿ-ի փոխնախագահ Ծովինար Կոստանյանը, անդրադառնալով Առաջին Հանրապետության 103-րդ տարեդարձին, շնորհավորեց ներկաներին, ապա ցավով փաստեց, որ Հայաստան պետության գոյությունն այսօր վտանգված է, և ինչպես ավելի քան մեկ դար առաջ, այսօր էր թշնամին փորձում է կործանել Հայաստանն ու սպառնում հայ ժողովրդի անվտանգությանը:
«Հայաստանի շուրջ այսօր շատ մտահոգիչ գործընթացներ են տեղի ունենում, և ակնհայտ է, որ լայն կոնսոլիդացիայի խնդիր ու պահանջ կա, քանի որ միայն միահամուռ ուժերով կարող ենք դիմակայել թշնամուն: Հույս ունենք, որ քաղաքական ուժերը կունենան այդ խոհեմությունը և կմիավորվեն այն հարցերի շուրջ, որոնք ուղղակիորեն կապ ունեն Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի ու գոյության հետ»,- ասաց նա:
Կոստանյանն անդրադարձավ նաև դաշնակիցների հետ հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանը պետք է հստակ ու ընդգծված դիրքորոշում ունենա այդ հարաբերություններում, լինի թափանցիկ ու ազնիվ իր գործընկերների հետ հարաբերություններում, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր փոխշահավետ հարաբերություններ կառուցել։
«Հակառակն ուղղակի վնասում է մեր անվտանգությանն ու խնդիրներ ստեղծում ՀՀ բնականոն զարգացման համար»,- նա:
Նշենք, որ քննարկումը, որին մասնակցում են հայ և ռուս փորձագետներ, կազմակերպվել է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության և «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի ջանքերով:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ դեսպանը հանդիպել է ՀԱՍԱԿ-ի նախագահի հետ
- ՀԱՍԱԿ. Ճգնաժամից միասնական ջանքերով դուրս գալը օրվա հրամայական է
- ՀԱՍԱԿ-ը մեկնարկել է մարզային այցելությունների շարք