ԵՄ պատրաստ է օգնել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացմանը
ԵՄ խոսնակը հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․
«Հայ-Ադրբեջանական սահմանում տեղի ունեցող վերջին զարգացումները վտանգավոր և մտահոգիչ են։
Պետք է անհապաղ թուլացնել լարվածությունը։ Եվրոպական միությունը երկու կողմերին հորդորում է ձեռնպահ մնալ հետագա ռազմական ուժի տեղակայումից և գործողություններից։ Բոլոր կողմերը պետք է ետ քաշվեն դեպի մայիսի 12-ից առաջ իրենց զբաղեցրած դիրքերը և երկու կողմերը պետք է ներգրավվեն սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցություններում։
Մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանին առանց հետաձգելու ազատել բոլոր ռազմագերիներին և անազատության մեջ պահվող անձանց։ Մենք ողջունում ենք լարվածությունների թուլացմանը միտված բոլոր ջանքերը, այդ թվում՝ հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները։
ԵՄ պատրաստ է տրամադրել փորձագիտական ներուժ և օգնել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև աջակցել անհրաժեշտ վստահության ամրապնդման մեխանիզմներին՝ առաջ շարժվելու դեպի հարատև խաղաղություն ու բարեկեցություն Հարավային Կովկասում»,- ասվում է հաղորդագրությունում։