«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունը կարժենա 130 մլն դրամ, կլինեն նաև նվիրատվություններ
Մայրաքաղաք Երևանի ծննդյան օրը` «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունը, որը ծրագրված է հոկտեմբերի 10-11-ին, չնայած չեղյալ հայտարարելու կոչերին, այդուհանդերձ կկայանա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը հայտարարեց, որ տոնակատարությանը նախապատրաստվել են 3 ամիս, այն լինելու է գունեղ, մշակութային ծրագրերով լի:
Հիշեցնենք` Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կոչ էր արել հրաժարվել տոնակատարությունից և այդ գումարն ուղղել հակառակորդի կրակի տակ հայտնված սահմանամերձ գյուղերի բնակիչների սոցիալական պայմանների բարելավմանը: Մեծ թվով մարդիկ միացել էին կոչին: Սակայն քաղաքապետարանից մերժել էին այդ կոչ-առաջարկը:
Սուքիասյանը տեղեկացրեց, որ տոնակատարության ծրագրերի իրականացման համար հատկացված բյուջեն ինչպես նախորդ տարի, այս տարի էլ 130 մլն դրամ է: Բացի այդ, ծախսերում կան նաև նվիրատվություններ, որոնց քանակը պաշտոնյան չկարողացավ նշել:
Տոնակատարության շրջանակներում 2797 անապահով ընտանիք կենցաղային տեխնիկա նվեր կստանա, իսկ 1400 ծնողներ կմեկնեն իրենց զինծառայող որդիներին տեսության:
Սուքիասյանը նաև անդրադարձավ հարցին, թե ինչու քաղաքապետարանը չի համաձայնում տոնական միջոցառումների վրա ծախսվող գումարները հատկացնել սահմանամերձ գյուղերին, որի մասին բազմաթիվ երևանցիներ էին բարձրաձայնել:
«Երևան համայնքը իր լիազորություններն ունի կոնկրետ սահմանված օրենքով, և դա պայմանավորված է Երևան քաղաքի վարչական տարածքային սահմաններով: Քաղաքապետարանն իր բյուջեն կարող է օգտագործել քաղաքի հետ կապված այս կամ այն խնդիրը լուծելու համար: Որոշ նվիրատուներ ինչ-ինչ գումար են հատկացնում, դրանք նպատակային են, և բարոյական իրավունք չունենք նպատակային տրված գումարը մեկ այլ նպատակի տալ: Որքան էլ բոլորի համար այդ հարցը մտահոգիչ լինի, այդուհանդերձ այն քաղաքի սահմաններից դուրս է: Կոչ են անում բարեգործությամբ զբաղվել, որի իրավունքը քաղաքապետարանը չունի»,- պատասխանելով հարցին, հայտարարեց Սուքիասյանը:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Բախշյանի առաջարկը քաղաքապետին
Քաղաքապետարան. «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների ծրագիրն ամբողջությամբ պատրաստ է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում