Արցախի պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը վայր է դնում լիազորությունները
Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ին վայր է դնելու լիազորությունները:
«Սիրելի՛ հայրենակիցներ
Սույն թվականի հունիսի 1-ից վայր եմ դնում Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարարի իմ լիազորությունները:
Պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել եմ դեռևս 2020 թվականին, սակայն մեզ պատուհասած պատերազմը և հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ստիպեցին հետաձգել որոշումս:
Պաշտոնավարման ողջ ընթացքում՝ մեր երկրի համար չափազանց ծանր փորձությունների ժամանակաշրջանում, փորձել եմ անել հնարավորը՝ ինձ վստահված ոլորտում մարտահրավերներին դիմակայելու և առանցքային խնդիրները լուծելու ուղղությամբ` ի նպաստ մեր երկրի ապագայի:
Շնորհակալ եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ բարձր վստահության և համատեղ աշխատանքի համար:
Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, ում հետ աշխատելու բախտ է վիճակվել: Շնորհակալ եմ պետական նախարարի աշխատակազմի և ֆինանսների նախարարության ողջ անձնակազմին՝ նվիրումի, բարձր արհեստավարժության և արդյունավետ աշխատանքի համար:
Շարունակելու եմ ծառայել Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ անկախ հետագա իմ գործունեության ոլորտից:
Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, կայունություն, արագ ապաքինում և հետագա զարգացում:
Խոնարհվում եմ նահատակված մեր հերոսների անմար հիշատակի առջև։
Աստված պահապան մեր ժողովրդին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գրիգորի Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա