Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է
1918 թվականի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը գոյատևել է մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հազար:
Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է 543 տարի անց վերականգնել պետականությունը:
Մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Արամյանցի տանը, բուռն քննարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը վճռել է հռչակել Հայաստանի անկախությունը։ Միաժամանակ որոշվել է Բաթումի բանակցություններում ընդունել թուրքերի վերջնագիրը և «հանուն անկախ Հայաստանի» հաշտություն կնքել։
Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել է հռչակագիր, որտեղ ասված է եղել. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Հունիսի սկզբին հրապարակվել է հաղորդագրություն. «Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:
1918 թ. հունիսի 13-ին նորընտիր վարչապետ Հ. Քաջազնունին ի լուր աշխարհի պաշտոնապես հայտարարություն է արել Հայաստանի անկախության մասին:
1918 թվականի հուլիսի 24-ին ՀԱԽ-ը հրապարակել է բարձրագույն գործադիր իշխանության կազմը՝ Հովհաննես Քաջազնունի՝ Կառավարության նախագահ (վարչապետ), Արամ Մանուկյան (Ներքին Գործերի նախարար), Ալեքսանդր Խատիսյան (Արտաքին Գործերի նախարար), Խաչատուր Կարճիկյան (ֆինանսների նախարար), Հովհաննես Հախվերդյան (զինվորական նախարար), Գրիգոր Տեր-Պետրոսյան (արդարադատության նախարար)։
Բացի վերջին երկուսից՝ մյուսները դաշնակցականներ էին։ Կարճ ժամանակահատվածում ստեղծվել է նաև բարձրագույն օրենսդիր իշխանություն։ ժամանակի սղության պատճառով տարբեր քաղաքական ուժեր բանակցությունների ու փոխզիջումների միջոցով որոշում են ընդունել առանց ընտրությունների կազմել ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմին՝ Հայաստանի խորհուրդ (ՀԽ), որի կազմում 18 պատգամավոր ներկայացրել է դաշնակցություն, 6-ը՝ հայ ժողովրդական, 6-ը՝ սոցիալ-դեմոկրատական, 6-ը՝ սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը, իսկ 2 պատգամավոր եղել են անկուսակցական։
Խորհրդարանի պատգամավոր են դարձել նաև հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 6 թուրք, 1 ռուս և 1 եզդի։ 46 պատգամավորից 38-ը հայ էին։
Հայաստանի առաջին հանրապետությունն գոյություն է ունեցել երկուսուկես տարի: Հայտնվելով միջազգային հակասությունների բարդ ու խառնակ հանգուցակետում, պարտվելով Թուրքիային, մշտապես ենթարկվելով Խորհրդային Ռուսաստանի ճնշմանը, լքված Արևմուտքի օգնությունից` Հայաստանի առաջին հանրապետությունը դադարել է գոյություն ունենալուց: Նրան հաջորդել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը:
1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ՀՀ-ի և ՌԽՖՍՀ-ի ստորագրած համաձայնագրով Հայաստանը հռչակվել է խորհրդային հանրապետություն, իսկ իշխանությունը ժամանակավորապես, մինչև հեղկոմի ժամանումը Երևան, հանձնվել է զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ: Դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Կառավարության պատվիրակությունն Ալեքսանդրապոլում կնքել է հայ-թուրքական նվաստացուցիչ պայմանագիրը, որով ավարտվել է հայ-թուրքական պատերազմը:
Ըստ ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի՝ Առաջին Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, որը ոչ աշխատանքային օր է։