ԱՄՆ-ի նոր վարչակազմը փորձում է Գազայում հրադադարը վերածել կայուն զինադադարի
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Մերձավոր Արևելք կատարած այցի գլխավոր նպատակը Իսրայելի և պաղեստինցիների միջև Եգիպտոսի միջնորդությամբ սկսված հրադադարն ուժի մեջ պահելն է և Գազայի գոտու ավերածությունները վերացնելը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Հետագա բռնությունները կանխելու համար հարկավոր է արագ լուծել առաջ եկած բազում խնդիրները: Առաջին քայլը Գազայում մարդասիրական խնդիրները հարթելն է, երկրորդը` վերակառուցումը»,- ասել է Բլինքենը:
Գազայի ավերածությունները վերացնելու ու շինարարական աշխատանքներ սկսելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը վեր է հանում հետևյալ հարցը, թե ինչ պիտի արվի, որպեսզի քաղաքացիական նպատակներով հատկացումները չհայտնվեն Գազայում կառավարող Համաս ահաբեկչական խմբավորման ձեռքում:
Միացյալ Նահանգներն առաջարկում է ՄԱԿ-ի և պաղեստինյան իշխանությունների մասնակցությունը, որպեսզի հնարավոր լինի շրջանցել Գազայում կառավարող Համասին:
Նյու Յորքում Իսրայելի նախկին գլխավոր հյուպատոսի նման Իսրայելում շատերն են վստահ, որ ԱՄՆ-ը այս կերպ չի կարողանալու շրջանցել Համասին:
Բլինքենի խոսքերով, ինքն առաջարկելու է ԱՄՆ-ի Կոնգրեսին 75 միլիոն դոլար հատկացնել որպես տնտեսական աջակցություն պաղեստինցիներին:
Պաղեստինյան իշխանությունները ողջունում են նրա խոստոմը և այն համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորություն, հարաբերություններ, որոնք ամենացածր մակարդակին էին իջել Դոնալդ Թրամփի օրոք, երբ վերջինս որոշեց ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ ու կտրեց ՄԱԿ-ի այն գործակալությունների համար նախատեսված հատկացումները, որոնց նպատակը պաղեստինցիներին աջակցելն է:
Իսկ ինչպիսի՞ն է եղել Իսրայելի քաղաքականությունը վերջին տարիներին: Ինչպես նախկին հյուպատոսն է ասում, Իսրայելը վարել է պաղեստինյան իշխանություններին թուլացնելու քաղաքականություն, որպեսզի միմյանցից բաժանի Հորդանան գետի արևմտյան ափում և Գազայի գոտում ապրող պաղեստինցիներին․ «Բաժանիր, որ տիրես»:
«Իսրայելն անուղղակիորեն պահպանել է Համասի իշխանությունը Գազայում, կանխելու համար խաղաղության գործընթացը»,- ասում է Պինկասը:
ԱՄՆ-ի նոր վարչակազմը ներշնչում է հույս, որ պաղեստինցիների հետ հարաբերությունները բարելավելու եղանակով Գազայի գոտում հրադադարը կվերածվի կայուն զինադադարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու