«Ժողովուրդ». Այս իրավիճակում քաղաքականապես միակ տուժողը գործող իշխանությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայ հասարակությունը ժամանակ առ ժամանակ ծանր հոգեբանական հարված է ստանում սահմանից եկող լուրերի պատճառով: Երեկ առավոտյան պայթեց 6 հայ զինվորականների գերեվարվելու մասին լուրը, իրադարձությունները գնալով լարվեցին ու հասան այնտեղ, որ սահմանամերձ գոտի այցելեց անձամբ Նիկոլ Փաշինյանը ու տեղում ծանոթացավ վիճակին:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ բանակը պատրաստ է ու ցանկացած պահի հրամանի դեպքում կարող է մաքրել ՀՀ սահմանները ներխուժած ադրբեջանական բանակին. այս մասին երեկ հայտնեց նաև ԳՇ պետի տեղակալը: Ակնհայտ է, որ սպառվում է ոչ միայն զինվորականների, այլև քաղաքական ղեկավարության համբերության բաժակը, ու ստեղծված իրավիճակը կարող է տանել հայ-ադրբեջանական նոր բախումների:
Այս իրավիճակում այնքան էլ հասկանալի չէ Ռուսաստանի դիրքորոշումը, որը տարածաշրջանում հանդես է գալիս արբիտրի դերում, սակայն կա՛մ չի կարողանում ազդել Բաքվի վրա, որպեսզի կանխի ադրբեջանական զինուժի պրովոկացիաները, կա՛մ չի ուզում:
Ակնհայտ է, որ, ի տարբերություն 2016թ.-ի ապրիլյան և 2020թ-ի 44-օրյա պատերազմի, այս անգամ Հայաստանի ներսում միասնականություն չկա, քաղաքական ուժերը ջանք չեն խնայում քննադատել գործող իշխանություններին, ինչն ավելի է բորբոքում, եթե չասենք՝ հուսալքում ժողովրդին` ստեղծելով պայթյունավտանգ իրավիճակ երկրի ներսում: Մյուս կողմից` արտահերթ ընտրությունների թեման առաջ է բերվել ոչ ընդդիմության կողմից, ու, թերևս, ազգովի թողած առաջնայինը, ընկել ենք երրորդական կամ չորրորդական հարցերի հետևից:
Եթե մի կողմ դնենք դավադրության տեսությունները և հեռու գնանք մերձիշխանական մեր աղբյուրների այն պնդումներից, համաձայն որոնց՝ այս ամենն արվում է ներսի ու դրսի որոշ շրջանակների պայմանավորված «պասերով», որպեսզի հունիսի 20-ին Փաշինյանը պարտվի ընտրություններում, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այս իրավիճակում քաղաքականապես միակ տուժողը գործող իշխանությունն է, որի վարկանիշն ամեն գնով մաշեցնում են արտաքին ու ներքին ուժերը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում