Արմեն Չարչյան. Պետք է մշակել առողջապահության զարգացման ազգային ծրագիր, ռազմավարություն
«Այսօր Հայաստանի տնտեսությունը, ինչպես նաև առողջապահությունը գտնվում են խոր ճգնաժամի մեջ», -նման ախտորոշում տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը՝ «Հայաստան» նախընտրական դաշինքի ծրագրի առողջապահության հատվածը ներկայացնելիս։
Նրա խոսքով, համավարակի ու պատերազմի սահմռկեցուցիչ հետևանքները, պատերազմի հետևանքով ավելի քան հինգ հազար զոհերը, համավարակի հետևանքով ավելի քան հինգ հազար հինգ հարյուր մահերը, Արցախի 78 տոկոսի կորուստը հանգեցրել են համընդհանուր ընկճախտի, հոգու սովի։
«Այս ամենը երկիր Նաիրին կանգնեցրեցին գոյատևման խնդրի առջև։ Շեքսպիրյան՝ լինե՞լ, թե՞ չլինել հարցն ավելի քան արդիական է այսօր։ Մեր միանշանակ պատասխանն է՝ լինել։ Մենք ունենք հզոր ինտելեկտուալ թիմ, գիտելիքներ, հնարավորություններ, և մենք կարող ենք»,-ընդգծեց Չարչյանը։
Այս իրավիճակից դուրս գալու համար դաշինքն առաջարկում է մշակել առողջապահության զարգացման ազգային ծրագիր, ռազմավարություն՝ հաշվարկելով երկրի կադրային ու նյութատեխնիկական ներուժը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ տիրույթում։
Բանախոսն ընդգծեց՝ պատերազմական գործողությունների հնարավոր զարգացումների հավանականությունը դեռևս մեծ է, ուստի առողջապահական ոլորտը պետք է նախապատրաստել կադրային ներուժի, նյութատեխնիկական բազայի, գործողությունների հաջորդականության ու սինխրոնիզացիայի, առաջնագծի ու թիկունքի բուժհաստատությունների համագործակցությանը։ Նա նաև առաջնային խնդիր է համարում կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարը, ինչպես նաև բակտերիոլոգիական արհավիրքների կանխատեսումն ու կանխագելիչ աշխատանքների իրականացումը։
Չարչյանն ասաց, Քովիդ-ն առաջինը ներխուժեց Հայաստան դեռ 2018-ին՝ ի դեմս այս իշխանությունների։
Անդրադառնալով սոցիալական ոլորտում անելիքներին՝ Ա. Չարչյանն ընդգծեց վիրավոր զինծառայողներին ու նրանց ընտանքիներին բարոյահոգեբանական և ֆինանսական աջակցության ցուցաբերումը։
«Բոլորին՝ հավասարաչափ ու արդարացի, պետք է կանգնել նրանց կողքին, կիսել նրանց վիշտն ու զորավիգ լինել։ Վիրավորված ու հաշմված անձանց հնարավորինս արագ պետք է ներառել հանրային գործընթացներին, պետք է իրականացվի ֆիզիկական, աշխատանքային ռեաբիլիտացիա։ Մենք պետք է հասնենք նրան, որ տասնմեկ հազար մեր քաղաքացիների հոգեբանությունը փոխվի, սպառողի հոգեբանությունից նրանք անցնեն արարողի հոգեբանությանը, որ կարողանան իրենք արարել, ստեղծել, վայելել»,-ասաց նա։
Նրա խոսքով, թոշակները պետք է ավելի մեծ լինեն, քան սպառողական զամբյուղն է։
«Բոլոր թոշակառուները մեր ծնողներն են։ Մենք պետք է ապահովեն մեր ծնողների արժանապատիվ ծերությունը։ Դա մեր հոգու պարտքն է»,-նշեց նա։
Չարչյանը, շարունակելով ներկայացնել նախընտրական դաշինքի ծրագիրը, նշեց, որ անվճար և բարձրորակ բուժօգնությունը հասանելի կդառնա ծերերին և զոհված հերոսների ընտանիքներին։
«Առողջապահության ոլորտում կներդրվի կառավարման ավտոմատացված համակարգ։ Անվճար բուժօգնության հիմնական թիրախը պետք է լինի սոցիալապես անապահով խավը։ Բժշկական ապահովագրությունը պետք է լայն ընդգրկվածություն ստանա։ Յուրաքանչյուր մարզում կձևավորվի բարձրակարգ կադրերով և տեխնիկայով բուժկենտրոն»,-ծրագրային դրույթները ներկայացրեց գիտնական բժիշկը՝ առաջարկելով նաև առողջապահության ոլորտում արհեստական բանակության օգտագործումը։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Գրիգորյան. Արժեքային ճգնաժամի հաղթահարումը պետք է լինի կրթության և գիտության զարգացման միջոցով
- Արմեն Գևորգյան. Մեր թիմն առաջարկում է աշխատող երկրի կոնցեպցիան
- «Հայաստան» դաշինքը ներկայացնում է իր թիմը և ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան