Արմեն Գևորգյան. Մեր թիմն առաջարկում է աշխատող երկրի կոնցեպցիան
«Մեր հասարակությանը ներկայացվող այս ծրագիրը մենք չենք համարում ավարտուն փաստաթուղթ։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,-ներկայացնելով «Հայաստան» նախընտրական դաշինքի «365 օր. Ապագան սկսվում է այսօր» ծրագիրը՝ հայտարարեց դաշինքի շտաբի ղեկավար, Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Նրա խոսքով, իրենց նպատակն է հետադարձ կապի միջոցով ստանալ առաջարկներ, նոր գաղափարներ, ինչու չէ՞, նաև առարկություններ։
«Մենք կոչով դիմում ենք հանրությանը, տարբեր սոցիալական խմբերին, մասնագիտական համայնքներին, ձեր առաջարկները, կարծիքները չափազանց կարևոր են մեզ համար։ Սրանով մենք շեշտում ենք մեր թիմի սկզբունքային մոտեցումներից մեկը՝ մասնակցային կառավարում։ Հայաստանը կարիք ունի բոլոր կարող ուժերի, կարող անհատների ներուժի համախմբման»,-բացման խոսքում նշեց Ա. Գևորգյանը։
«Հայաստան» նախընտրական դաշինքի շտաբի ղեկավարն ասաց, որ ծրագիրը մտնելու է Հայաստանի բոլոր գյուղերն ու քաղաքները, բազմաթիվ տներ ու աշխատավայրեր։
«Եվ մենք սպասում ենք ձեր առաջարկություններին, դիտողություններին, որպեսզի ավարտուն փաստաթուղթը լինի ավելի որակյալ, ամբողջական ու արդյունավետ։ Դրա իրականացումից մեր պետությունն ու քաղաքացիները ավելի մեծ արդյունքներ կտեսնեն»,-նշեց նա։
Խոսելով ծրագրի տրամաբանության մասին՝ Գևորգյանն ասաց՝ փաստաթղթում բոլոր ոլորտները չէ, որ տեղ են գտել։
«Դա անհնար էր։ Այս փաստաթղթում մենք ներկայացրել ենք մոտեցումները և առաջընթացի հիմնական գաղափարները, իսկ որոշ հարցերում կոնկրետ քայլեր։ Այս իմաստով սա տեսլականների, գաղափարների ու կոնկրետ գործողությունների համատեղում է»,-ասաց նա՝ անկեղծ խոստովանելով, որ այս պահին իրենք չեն տիրապետում իրավիճակի մանրակրկիտ գնահատականներին։
Օրինակ, չգիտեն, թե տնտեսությունն ինչքան վատ վիճակում է, չբացառեց, այնտեղ ավելի վատ վիճակ է, քան կարելի է պատկերացնել։
«Նման պատկեր է շատ ու շատ ոլորտներում։
Այնուամենայնիվ.
Ա. Մենք ելնում ենք Հայաստանի այսօրվա իրողություններից
Բ. Մենք առաջնորդվում ենք պետության զարգացման, վերելքի հեռանկարով։
Այս փաստաթուղթը ձեր առաջարկների, քննարկումների, շտկումների արդյունքում կարող է վերափոխվել ու դառնալ ապագա կառավարության գործունեության իրատեսական ծրագիր։ Մեր թիմն առաջարկում է աշխատող երկրի կոնցեպցիան»,-ասաց դաշինքի շտաբի ղեկավարը։
Ուղիղ հեռարձակումը՝ Yerevan.today-ի։