Մարուքյան. Ադրբեջանի քաղաքական էլիտան Հայաստանի ներքաղաքական պրոցեսների կորդինատորն է
«Ադրբեջանը, ադրբեջանական զինված ուժերը, քաղաքական էլիտան Հայաստանի ներքաղաքական պրոցեսների կորդինատոր են սկսկում դառնալ»,-հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով Հայաստանի տարածք ադրբջանական զինծառայողների մուտքին, առաջխաղացմանը, նրանց կրակոցների հետևանքով զինծառայողի մահվանն ու վեց հայ զինծառայողների գերեվարմանը։
Մարուքյանի խոսքով, սահմանային լարվածության հետևանքով Հայաստանում առաջանում են ցնցումներ, միաժամանակ «չենք կարողանում կենտրոնանալ մեր տնային աշխատանքի վրա ու մեր խնդիրները կարգավորել»։
ԼՀԿ առաջնորդը նշեց, որ Հայաստանի ներքաղաքական կյանքի բաղադրիչ է դարձել Ադրբեջանի մասնակցությունը։
«Ադրբեջանը դարձել է սպասվող արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի կարևոր դերակատար»,-ասաց նա։
Մարուքյանը նշում է, որ այս պարագայում չի կարող լինել քարոզարշավ, ինչը ենթադրում է իշխանությունների քննադատություն, նրա դեմ ակցիաներ, քանի որ կարևորում է պետության հիմքերի չխարխլելը։
«Սա է պատճառը, որ մեր քաղաքական տեխնոլոգիաները տարբերվելու են նախկիններից»,-ասաց Մարուքյանը՝ նշելով, որ իր կուսակցությունը կանգնած է պետականության կողքին, պատրաստ է պայքարել արտաքին ճակատներում։