Ռոբերտ Քոչարյան. ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի
«Այն, ինչ կատարվում է Հայաստանի անվտանգության ու արտաքին հարաբերությունների ոլորտներում, կարելի է բնորոշել մի բառակապակցությամբ՝ լիակատար ձախողում»,-«Հայաստան» նախընտրական դաշինքի՝ «365 օր. Ապագան սկսվում է այսօր» ծրագրի ներկայացման միջոցառմանը հայտարարեց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, իրենց առաջին քայլն անվտանգության ոլորտում լինելու է զինված ուժերի մարտունակության վերականգնումը։
«Ոչ թե պատերազմի, այլ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար։ Այլ ճանապարհ ուղղակի չկա։ Բանակը երկրի անվտանգության ողնաշարն է, այն պետք է լինի ժամանակակից, առավելագույն չափով պրոֆեսիոնալ ու մարտունակ։ Մեր բանակը աջակցության ու լուրջ բարեփոխման կարիք ունի»,-կարիքներն ու անելիքները ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի՝ սատանա փնտրելու, ՀԴՄ կտրոններ ստուգելու կամ ընդդիմադիրներին հետապնդելու վերաբերյալ։
«Այնտեղ ծառայում են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող սպաներ, որոնց համար, համոզված եմ, այդպիսի հանձնարարականները վիրավորական են։ Միջոցներ ենք ձեռնարկելու, որպեսզի այլևս երբեք թույլ չտանք ԱԱԾ-ի փոխակերպումը քաղաքական հետախուզության»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառանոլվ ոստիկանությանը՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդն ընդգծեց, այն ստեղծված չէ մի պաշտոնյայի տեղաշարժն ապահովելու, նրա քմահաճույքները բավարարելու ու հիվանդագին վախերը սպասարկելու համար։
«Մենք կվերադարձնենք ոստիկանությունը բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված գործառույթների դաշտ։ Աննորմալ է այն, ինչ մենք տեսնում ենք գրեթե ամեն օր»,-ասաց նա։
Արտաքին հարաբերություններում առաջնային անելիքների մասին խոսելիս Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ կդադարեցնեն միջազգային ասպարեզում այսօր կիրառվող էժանագին շուստրիության քաղաքականությունը։
«Իմ տեքստում այլ բառ է գրված՝ ճարպկություններ, բայց ես դա որակում եմ շուստրիություն, էժանագին շուստրիություն։ Միայն հիմարները կարող են զբաղվել դրանով ժամանակակից թվային աշխարհում։ Մենք կվերականգնենք վստահությունը երկրի հանդեպ որպես կանխատեսելի ու հասկանալի գործընկերոջ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ բարեկամ երկրներին կառաջարկեն երկկողմ համագործակցության նոր ու հասկանալի օրակարգ։
«Պարտությունը պատերազմում չպետք է սահմանափակի մեզ պարտվածի բարդույթով։ Հավատացնում եմ ձեզ, մոտակա տարիների համար սա լինելու է ամենից դժվար հաղթահարվող խնդիրներից մեկը։ Պարտությունը ծանր հարված է, մենք պետք է օգնենք մեր ժողովրդին հաղթահարելու այն բարդույթը, որն առաջանում է այսպիսի պարտություններից հետո»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, Հայաստանն ունի արագ վերականգնման ներուժ, և իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի դա կենսական կարևոր հարց դառնա նաև Հայաստանի դաշնակիցների ու առաջին հերթին՝ Ռուսաստանի համար։
«Իրոք, չափազանց կարևոր է ձևավորել նոր օրակարգ, մենք չենք կարող նոր գաղափարներ առաջ չբերել։ Մենք մեր դաշնակիցների հետ միասին ի վիճակի ենք ապահովել ու պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը։ Մենք ի վկվերականգնենք նաև կորցրած դիրքեը միջազգային կառույցներում՝ առաջին հերթին անվտանգության հարցրեով զբաղվող կազմակերպություններում»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ ավելացնելով, որ ունի խոր համոզմունք, որ ի վիճակի են այս հարցերին այնպիսի լուծումներ տալ, որ ապագայում երբեք երկիրն ու ժողովուրդը չհայտնվեն նման իրավիճակներում։
«Ուրեմն մենք պետք է շարժվենք դեպի ուժեղ Հայաստան»,-ամփոփեց խոսքը Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Գալստյան. Մեր ստանձնած պարտականություններն ու ծրագրերը կյանքի կոչելու համար վերականգնելու ենք մշակույթի նախարարությունը
- Արմեն Չարչյան. Պետք է մշակել առողջապահության զարգացման ազգային ծրագիր, ռազմավարություն
- Աննա Գրիգորյան. Արժեքային ճգնաժամի հաղթահարումը պետք է լինի կրթության և գիտության զարգացման միջոցով
- Արմեն Գևորգյան. Մեր թիմն առաջարկում է աշխատող երկրի կոնցեպցիան
- «Հայաստան» դաշինքը ներկայացնում է իր թիմը և ծրագիրը