Վահե Հակոբյան. Անհրաժեշտ է այս պահին կասեցնել համայնքների խոշորացման ծրագիրը
«Պատերազմից հետո Հայաստանը հայտնվեց նոր մարտահրավերների առաջ, այս պայմաններում պետք է կատարել մեծ ծավալի աշխատանք՝ երկիրը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու համար»,- «Հայաստան» նախընտրական դաշինքի «365 օր. Ապագան սկսվում է այսօր» ծրագրի դրույթները ներկայացնելիս՝ ասաց դաշինքի առաջնորդներից, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով, տնտեսական ներուժը հիմնականում կենտրոնացվել է Երևանում և 1-2 մարզերում, ինչի հետևանքով առաջացել են կենսամակարդակի խիստ տարբերություններ։
«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել մարզերի համաչափ զարգացմանը, իսկ Երևանի պարագայում առաջնահերթ է լուծելու երկու հարց՝ հարմարավետ լինի բնակիչների և գրավիչ՝ տուրիստների համար»,- նշեց Վ. Հակոբյանը։
Նրա խոսքով, համաչափ զարգացած պետություն ունենալու համար առաջին հերթին պետք է ունենալ բարձրակարգ ու անցանելի ճանապարհներ. «Մենք ապահովելու ենք Հայաստանի բոլոր համայնքների տրանսպորտային հասանելիությունը և աշխատելու ենք բեռնաթափել Երևանի ճանապարհները։
Մշակելու ենք Հայաստանի միջքաղաքային և Երևանի տրանսպորտային նոր սխեմա, կպատրաստենք էլեկտրոնային քարտեզ, ըստ որի էականորեն կբարելավի գործող ցանցը։ Կմեկնարկվի ռազմավարական նշանակություն ունեցող և անավարտ ճանապարհների կառուցումը։
Կարևորում ենք Հյուսիս-Հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան 60 կմ հատվածը, որը ներառելու է 12,5 կմ թունելային մաս։ Նշված հատվածի կառուցումը կնպաստի Մեղրի անցակետով անցող բեռափոխադրումների ծավալի մեծացմանը, իսկ այդտեղով իրականացվում է ՀՀ ապրանքաշրջանառության շուրջ 40 տոկոսը։
Պետք է մշտական ուշադրության կենտրոնում պահել միջպետական ճանապարհները՝ հիմնանորգելով բոլոր անանցանելի հատվածները»,- նշեց նա։
Խոսելով համայնքների խոշորացման ծրագրի մասին՝ Վ. Հակոբյանն ընդգծեց. «Անհրաժեշտ է այս պահին կասեցնել խոշորացման ծրագիրը և վերլուծել արդեն իսկ տեղի ունեցած փոփոխությունների դրական և բացասական կողմերը։
Այսօր անհրաժեշտ է վերագնահատել մեր բոլոր բնակավայրերի կարիքները, տնտեսական զարգացման հնարավորությունները, հասկանալ առկա խնդիրները, սահմանել հստակ ժամկետներ դրանց լուծման համար»։
Անդրադառնալով համայնքային տրանսպորտային ցանցի զարգացման ու արդիականացման խնդրին, նա նշեց, որ թերի զարգացած տրանսպորտային համակարգը, ինչպես նաև վերջին տարիներին անբավարար կապիտալ ներդրումները երկրի զարգացման հիմնական խոչընդոտներն են։
«Հետամուտ ենք լինելու տրանսպորտային հասանելիության և ծառայությունների որակի բարձրացմանը Հայաստանի բոլոր համյանքներում»,- ասաց նա՝ հավելելով, որ տրանսպորտային ցանցի զարգացումից է կախված նաև ՀՀ տնտեսական գերակա ճյուղերից մեկի՝ տուրիզմի զարգացումը։
«Զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար նախատեսվում է պետական աջակցություն՝ հարկային արտոնությունների, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի, սուբսիդիաների և հարկերի վերադարձի մեխանիզմների տեսքով»,- ասաց Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ հատուկ ուշադրություն են դարձնելու Գյումրու զարգացմանը, մասնավորապես օդանավակայանի արդիականացմանը, կարևորում են նաև փոքր ավիացիայի զարգացումը։
Ըստ Վ. Հակոբյանի, իրենց դաշինքը կարևորում է պետություն-մասնավոր համագործակցությունը, նոր լիցք են հաղորդելու Դիլիջանում ներդրումների խրախուսմանը, իրականացնելու ենք Խնձորեսկ համայնքում յուրահատուկ տուրիստական կլաստերի ստեղծման ծրագիրը, Լոռում նախատեսվում է իրականացել զբոսաշրջության զարգացման ծրագիր՝ ընդգրկելով Վանաձորը, Ստեփանավանն ու Ախթալան։
Նա նշեց, որ վերականգնելու են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, քայլ առ քայլ մեծացնելու են մշակվող հողերի մակերսները, մշակվելու են գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման նոր մոտեցումներ՝ առաջին հերթին նախապատվությունը տալով ֆերմերների հետ ուղղակի հարաբերություններին։ Վերականգնելու, ակտիվացնելու, ընդլայնելու են գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների աշխատանքը, իրականացնելու են փոքր և միջին ջրամբարաշինության լայնածավալ ծրագիր, առաջնահերթ կառուցման են ենթակա 11 փոքր և միջին ջրամբարներ։ Արմավիրի տարածաշրջանում նախատեսվում է 5 ջրամբարի կառուցում, որը հնարավորություն կտա 5000 հեկտար տարածք դարձնել ոռոգելի, 52 հազար հեկտար կայուն ոռոգելի։ Գործուն քայլեր են իրականացնելու ՀՀ օրգանական գյուղատնտեսության արդիականացման ուղղությամբ։
«Իրականում հսկայական ծավալի աշխատանք է մեր առջև, բայց գիտենք՝ ինչպես ենք բոլոր աշխատանքները կատարելու ու Հայաստանը բերելու պատշաճ միջազգային մակարդակի»,- ասաց Վահե Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդր Խաչատուրյան. Միայն առաջին տարվա համար նախատեսել ենք շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մեկնարկ
- Իշխան Սաղաթելյան. Մենք ընտրում ենք համերաշխ և ազգային Հայաստանը
- Ռոբերտ Քոչարյան. ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի
- Լիլիթ Գալստյան. Մեր ստանձնած պարտականություններն ու ծրագրերը կյանքի կոչելու համար վերականգնելու ենք մշակույթի նախարարությունը
- Արմեն Չարչյան. Պետք է մշակել առողջապահության զարգացման ազգային ծրագիր, ռազմավարություն
- Աննա Գրիգորյան. Արժեքային ճգնաժամի հաղթահարումը պետք է լինի կրթության և գիտության զարգացման միջոցով
- Արմեն Գևորգյան. Մեր թիմն առաջարկում է աշխատող երկրի կոնցեպցիան
- «Հայաստան» դաշինքը ներկայացնում է իր թիմը և ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան