Ադրբեջանը համաձայն է Հայաստանի հետ սահմանազատմանը՝ տարածքային ամբողջականության համապատասխան
Պաշտոնական Բաքուն սատարում է միջազգային հանրության՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող լարվածությունը խաղաղ ճանապարհով լուծելու, սահմանի սահմանազատման ու սահմանագծման կոչերին։ Հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, գրում է Interfax.az-ը։
«Մենք բազմիցս նշել ենք, որ աջակցում ենք սահմանների լարվածության կարգավորմանը բանակցությունների միջոցով, ինչպես նաև աջակցում ենք միջազգային հանրության՝ երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ու սահմանագծման կոչերին: Ինչպես գիտեք, Ադրբեջանը նաև սատարել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանի սահմանազատման և սահմանագծման եռակողմ հանձնաժողով ստեղծելու առաջարկին», - ասվում է Աբդուլաևայի հայտարարության մեջ:
Աբդուլաևան ասել է, որ սահմանի սահմանազատման և սահմանագծման ժամանակ անհրաժեշտ է հարգել երկու երկրների տարածքային ամբողջականությունը:
«Միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության միջազգային իրավունքի խիստ պահպանման հիման վրա մենք կարող ենք կարգավորել միջպետական հարաբերությունները, սկսել սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը և, վերջապես, ամուր հիմք դնել խաղաղ գոյակցության համար», - ասել է Աբդուլաևան:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին հայտնել էր, որ նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թուլացման նպատակով առաջարկել է Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ:
Մայիսի 27-ի վաղ առավոտյան էլ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան