Արավուսի գյուղապետի հետ զրույցում ադրբեջանցի կապիտանը հոխորտացել է՝ գիտե՞ք, Սյունիքում ապրելո՞ւ եք
Սյունիքի մարզի խոշորացված Տեղ համայնքի կազմի մեջ մտնող Արավուս գյուղի ղեկավար Արգամ Հովսեփյանի համբերությունն այսօր հատել է, մտադիր է եղել հայկական կողմ բերի ադրբեջանցի կապիտանին։
Թշնամի երկրի այս զինվորականն ու նրա անձնակազմն անընդհատ վիրավորանքներ, հայհոյանքներ են հնչեցնում գյուղի հովիվների հասցեին։ Գյուղապետ Արգամ Հովսեփյանը հաճախ է գնում հովիվների մոտ, այսօր էլ ականատես է եղել հերթական միջադեպին։
«Էսօր առավոտյան ժամը 10-ի կողմերն էր։ Գնացի մեր դիրք, մեր տղաների մոտ։ Ասում եմ կապիտանին, արի այստեղ, բան եմ ասում։ Չի գալիս։ Ես ասում եմ՝ սա մեր հողն է, անասուն է պահում, ինքը հակադարձում է՝ թող չգա։ Ես ասում եմ, ինքը կրկնում է ասածը նորից։ Ես ասում եմ՝ մեր հողում չե՞ս թողնում արածացնի, ասում է՝ հա չեմ թողի։ Եթե այդպես շարունակեց, հերը անիծելու եմ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արգամ Հովսեփյանը։
Թշնամու՝ Սյունիքում հայտնվելուց հետո Արավուսում անասունների թիվը կտրուկ նվազել է՝ 1200-ից հասնելով մոտ 200-ի։ Հիմա գյուղի դիմաց 13 ադրբեջանական դիրք կա։
«Ես կապիտանին ասում եմ՝ մի գոռգոռա, սա մեր հողերն են։ Էլի է գոռգոռում։ Ես խնդրի միակ լուծումը սրանց հետ քշելն եմ տեսնում։ Սրանց հետ խաղաղ հարևանությունն անհնար է։ Իրեն բացատրում եմ, ասում եմ, արի էս պահին մեկս մեկին վնաս չտանք, մինչև տեսնենք, հետագան ինչ կլինի։ Ինձ պատասխանում է՝ գիտե՞ս ըստեղ ապրելու ես, Սյունիքն էլ է մերը։ Երկու օր առաջ էր։ Չէ, սրանց հետ անհնար է։ Փափուկ ենք խոսում, իրենց էշն են քշում։ Ես լուծում չեմ տեսնում, լուծումն ուրիշ ձև է»,-ասում է Արգամ Հովսեփյանը։
Սյունեցին խոստովանում է ՝ վիրավորված է, չի հասկանում՝ ի՞նչ են անում, մտածում իշխանությունները։ Միայն թե իրեն հնարավորություն տրվեր, կքշեր դրանց։
«Հստակ հայաթափման նպատակ են դրել։ Ուզում են ամեն բան անել։ Բայց մեր գյուղից ոչ մեկ էլ դուրս չեկավ»,-ասում է Հովսեփյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արավուսի բնակիչների 37 անասունը հետ է բերվել թշնամու մոտից, 5-ի համար բանակցությունները շարունակվում են
- Արման Թաթոյանը հանդիպումներ է ունենում Սյունիքի Արավուս գյուղում
- Արավուսից ավելի քան 51 հա սեփական և պահուստային հող մնացել է Ադրբեջանին. պատգամավոր
- Թշնամին ուզում է, որ հայկական կողմը Արավուս գյուղից 750մ. հետ գնա՝ թողնելով ամենակարևոր հենակետերից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան