Ֆրանսիան Միացյալ Նահանգներ է ուղարկում Ազատության նոր արձան
Ֆրանսիայի կողմից Միացյալ Նահանգներ կուղարկվի Ազատության նոր արձան` ֆրանս-ամերիկյան բարեկամությունն ամրապնդելու համար: Ազատության նոր արձանը պետք է Նյու Յորք ժամանի հուլիսի 4-ին՝ ԱՄՆ ազգային օրվա առթիվ: նախատեսվում է, որ արձանը Նյու Յորքի ճամփան կբռնի հունիսի 7-ին։ Այն կցուցադրվի Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանի նստավայրի պարտեզներում: Այս մասին գրում է La Depeche-ը։
Այս Ազատության արձանն ավելի փոքր չափերի է՝ 2.83 մետր բարձրությամբ, ի տարբերություն բնօրինակի, որն ունի 93 մետր բարձրություն։
Հիշեցնենք, որ Ազատության արձանը (Statue of Liberty) ԱՄՆ-ում և աշխարհում քանդակագործության ամենահայտնի կոթողներից է, որին հաճախ ասում են «Նյու-Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշ», «Ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ»։ Արձանը տեղակայված է Նյու-Յորքի Մանհեթեն թաղամասից 3 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող Լիբերթի Այլենդ կղզում։
Ազատության արձանը, որի հեղինակն է ֆրանսիացի Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին, 1886 թվականի հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ն նվեր է ստացել Ֆրանսիայի ժողովրդից։ Արձանը ներկայացնում է պատմուճանով կնոջ, որը խորհրդանշում է հռոմեական դիցարանի ազատության աստվածուհի Լիբերտասին։ Կինն աջ ձեռքով բարձրացրել է ջահը, իսկ ձախով բռնել է սալիկ, որի վրա փորագրված է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի ընդունման ամսաթիվը՝ 1776 թվականի հուլիսի 4։ Ոտքերին ընկած է փշրված շղթա։