Իսրայելի խորհրդարանում 7 տեղ ունեցող կուսակցությունը կարող է գահընկեց անել Նեթանյահուին
Իսրայելական աջակողմյան «Յամինա» կուսակցության առաջնորդ և երկրի նախկին պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ մտադիր է աշխատել կենտրոնական «Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդի հետ՝ կառավարության ձևավորման համար:
Ըստ Բենեթի, Բենիամին Նեթանյահուի հետ ռոտացիոն կառավարություն ստեղծելու փորձերը ցանկալի արդյունքի չեն բերել, քանի որ ոչ ոք չի հավատում, որ խոստումները կկատարվեն: Այս մասին գրում է Euronews-ը։
«Այսօր ես հայտարարում եմ, որ կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի իմ ընկեր Յաիր Լապիդի հետ ստեղծեմ ազգային միասնության կառավարություն և Աստծո օգնությամբ միասին երկիրը փրկենք ներկա քաոսից և վերադարձնենք ճիշտ ուղի»,- հայտարարել է Նաֆթալի Բենեթը»։
«Յամինա» կուսակցության որոշումը կարող է վճռական լինել կառավարության ներկայիս ղեկավար Բենիամին Նեթանյահուի քաղաքական ճակատագրի համար:
Նեթանյահուն սուր քննադատության է ենթարկել «Յամինա»-ի որոշումը: Բենեթին Նեթանյահուն մեղադրել է անձնական փառասիրության մեջ:
«Ես ուզում եմ ձեզ ճշմարտությունը բացել: Ձախ կառավարություն ստեղծելու փոխարեն, որը կարող է վտանգավոր լինել Իսրայելի համար, մենք կարող ենք (Լապիդի մանդատի ավարտից հետո) ստեղծել ուժեղ, աջակողմյան լավ կառավարություն՝ հանուն երկրի»,- հայտարարել է Նեթանյահուն:
Հիշեցնենք, որ մարտին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Քնեսեթի տեղերը հավասարապես բաժանվեցին աջ և ձախ կուսակցությունների միջև: «Յամինա»-ն 120 տեղանոց օրենսդիր մարմնում ունի ընդամենը 7 տեղ: Բայց սա բավական է, որ կոալիցիա կազմվի, և, ուրեմն, Նեթանյահուի վարչապետության ապագան, կախված լինի կուսակցության որոշումից:
Մարտի ընտրություններն արդեն 4-րդն էին վերջին երկու տարվա ընթացաքում, քանի որ կուսակցությունները չեն կարողանում կառավարություն կազմել։
Նեթանյահուն Իսրայելի վարչապետն է 2009թ․-ից։ Նա վարչապետ է եղել նաև 1996-ից 1999թթ․-ներին։