«Մի անգամ դպրոցում» ֆիլմը մեծ էկրանին՝ սուրդոթարգմանությամբ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով՝ հունիսի 1-ին, Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում՝ չլսող և չխոսող (խուլ ու համր) երեխաների համար, սուրդոթարգմանությամբ կցուցադրվի «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան ֆիլմը (ռեժիսոր՝ Հարություն Խալաֆյան)։ Այս մասին ասվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի հաղորդագրությունում։
««Մի անգամ դպրոցում» ֆիլմը նկարահանվել է «Պերսոնա Գրատա» պրոդյուսերական ընկերության կողմից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։
Մանկապատանեկան այս ֆիլմը սուրդոթարգմանությամբ ցուցադրելու նախաձեռնությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Պերսոնա Գրատա» պրոդյուսերական ընկերության համատեղ գաղափարն է։ Ձեռնարկի նպատակն է հասարակության խոցելի խմբերին մասնակից դարձնել հանրային կյանքին, ստեղծել հավասար հնարավորություններ ու կյանքի պայմաններ, հասանելի և մատչելի դարձնել մշակութային ու հանրային տարբեր ծրագրերից օգտվելու հնարավորությունը։ Նախաձեռնութայն հեղինակները մտադիր են այս ձեռնարկը դարձնել շարունակական։
Ֆիլմի մասին-Ռեժիսոր Հարություն Խալաֆյանի կատակերգությունն իրական, պատմական ու երևակայական հորիզոնների խաչմերուկ է: Ֆիլմը մի դպրոցական տղայի մասին է, որը վատ շրջապատի ազդեցության տակ բացասական վարքագիծ է դրսևորում, հաճախ հայտնվում անախորժ պատմությունների կիզակետում ու չի սիրում սովորել: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման եզրին: Փորձելով ամեն գնով կանխել դպրոցի փակումը՝ նա հայտնվում է արկածային իրադարձությունների կենտրոնում՝ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ՝ դառնալով իրական հերոս:
Հ․Գ․Միջազգային վիճակագրական տվյալներով` երկրագնդի բնաչության 4-6 %-ն ունի լսողության խանգարում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, լսողության թերություններով աշխարհում տառապում է 30 միլիոն մարդ: Ամեն տարի ավելանում է հատկապես չլսող եւ չխոսող երեխաների թիվը: Հայաստանում այդ թիվը մոտավոր հաշվարկներով կազմում է 3500։ Հիշեցնենք, որ 2004թ. հունվարի 1-ից արդեն Հայաստանի հեռուստաալիքներով եթեր հեռարձակվող հաղորդումներին հաղորդակից դարձան նաեւ մեր երկրում բնակվող ավելի քան 3500 խուլ ու համրերը: Համաձայն օրենքում կատարված փոփոխությունների, օրվա եթերաժամում հանրային հեռուստատեսությունն առնվազն մեկական մանկական եւ լրատվական հեռուստահաղորդում պարտավոր է եթեր հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով («Հեռուստատեսության և ռադիոյի» մասին օրենքում)»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները