Այվազյանի հրաժարականը զարմացրել է Մարուքյանին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որ մասնակցում էր ԱԽ արտահերթ վերջին նիստին, տեսել է՝ ԱԳ նախարարի արդեն նախկին պաշտոնակատար Արա Այվազյանը Փաշինյանի ասածներին ի պատասխան գլխով էր անում։ Որևէ այլ խոսակցություն չի լսել։
«Այվազյանը գլխով էր անում, դա ուղիղ եթերում կա։ Մնացած մասով որևէ բան չի եղել, և ես զարմացած էի, որ հրաժարական է տվել»,- ասաց նա։
Մարուքյանը փաստեց՝ Հայաստանը գտնվում է ծանրագույն ճգնաժամում, հորդորում է ժամանակավոր պաշտոնակատարներն այս ընթացքում հրաժարական չտան, քանի որ սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս նոր նախարարի պաշտոնակատար նշանակել։ Իսկ դրա հետևանքով երկիրը կարող է հայտնվել էլ ավելի բարդ իրավիճակում։
«Դժվար չէ, կարծում եմ, մեր պետական շահերը ներկայացնել ևս երեք շաբաթ, թեև ընտրություններից հետո բնականաբար փոփոխություններ տեղի կունենան»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այսօր Հայաստանը պաշտպանության նախարարից շատ կարիք ունի արտգործնախարարի։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիիևի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ վերջին հայտարարությանը, Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության լրագրողին հորդորեց այդ հարցն ուղղել «Իմ քայլ»-ի ներկայացուցիչներին։
«Հայաստանի Հանրապետության տարածքով ոչ մի միջանցք չպիտի տրվի Ադրբեջանին։ Եթե խոսքը ապաշրջափակման մասին է, դրա մասին կարող ենք խոսել։ Սահմանները պետք է բացվեն վաղ թե ուշ։ Բայց ՀՀ տարածքով որևէ միջանցք տալուն ես դեմ եմ։ Մնացածը ճշտեք իշխանություններից, ի՞նչ են խոսում և ո՞նց է լինում»,- իր մոտեցումը ներկայացրեց Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը հայտարարել է՝ «Հայաստանը գիտակցում է Զանգեզուրի միջանցքի անխուսափելիությունը»
- Մարուքյան. Ադրբեջանի քաղաքական էլիտան Հայաստանի ներքաղաքական պրոցեսների կորդինատորն է
- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին