Ալիևը հայտարարել է՝ «Հայաստանը գիտակցում է Զանգեզուրի միջանցքի անխուսափելիությունը»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմը պատշաճ կերպով վերլուծում է «Զանգեզուրի միջանցքի» անխուսափելիության հետ կապված խնդիրները: Այս մասին գրում է Interfaz.az-ը։
«Պատերազմից հետո առաջին փուլում Հայաստանը դեմ էր դրան: Սակայն վերջերս ինձ տեղեկացրին, որ հայկական կողմն արդեն իսկ պատշաճ կերպով վերլուծում է այս միջանցքի անխուսափելիության հետ կապված խնդիրները: Ինչպես գիտեք, այժմ քննարկումներն ընթանում են եռակողմ ձևաչափով: Այս հարցը քննարկվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբերի շրջանակներում, և կան լավ արդյունքներ»,- ասել է Ալիևը՝ կիրակի օրն ընդունելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլունի գլխավորած պատվիրակությանը:
Նա հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր դեր է խաղում տրանսպորտի ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդման գործում:
«Զանգեզուրի միջանցքը նոր կապ կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Մենք արդեն սկսել ենք երկաթուղու կառուցումը Հորադիզից մինչև Հայաստանի հետ սահմանը ազատագրված հողերի վրա: Համոզված եմ, որ առաջիկա երկու տարիներին, գուցե երկուսուկես տարի, այս երկաթգիծը կաշխատի ամբողջ հզորությամբ: Նախիջևանի երկաթուղու մեծ մասը գործում է, բացակայող մասը կկառուցվի: Հայաստանում պետք է կառուցվի Զանգեզուրի միջանցքի կարևոր մասը: Այսպիսով, կբացվի նոր միջանցք և Թուրքիայի ու Ադրբեջանի կապն էլ ավելի ուժեղ կդառնա», - հայտարարել է Ալիևը: