Գևորգ Դանիելյան. Կամք ու լսելու ունակություն է պետք, ոչ թե «կախարդական փայտիկի» մասին սրտաճմլիկ ելույթներ
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով ընտրություններին ընդառաջ հնչող հայտարարություններին, գրում է.
«Քիչ էինք պառակտված ու բզկտված, հիմա էլ արտահերթ ընտրությունները դրոշակ դարձրած, ցածրորակ զրպարտանքի ու վիրավորանքի մի նոր նշաձող են հրամցնում։ Մարդկանց ավելի շատ հետաքրքրում է իրենց վաղվա օրը, իսկ միմյանց հոշոտելու թելադրված ճղճիմ մթնոլորտը արդեն անտանելի է։
Ըստ այդմ էլ՝ անդրադառնամ սոսկ մի քանի հիմնահարցերի, որոնք, բնականաբար, ուղղված են ոչ թե անգամ լսելու անընդունակ ներկա իշխանություններին, այլ ապագա քաղաքական ուժերին։
Ընդ որում, ստորև ներկայացված առաջարկություններից և ոչ մեկը չի պահանջում բյուջետային լրացուցիչ ներդրումներ, ճիշտ հակառակը՝ երաշխավորվում են նոր բյուջետային մուտքեր.
- հնարավո՞ր է կենսաթոշակները կտրուկ բարձրացնել՝ հընթացս կրճատելով կենսաթոշակառուների հսկայական բանակը։ Դրա համար անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում ուժը կորցրած ճանաչել այն օրենսդրական կարգավորումները, որոնք ուժային կառույցների ծառայողների մեծ մասի համար սահմանում են կենսաթոշակի նվազագույն տարիք՝ անգամ 50 տարեկանից։ Ծառայողների կենսաթոշակային ընդհանուր տարիքը սահմանվում է 65 տարեկան, և միայն վաղ կենսաթոշակ սահմանվում է առողջական խնդիրների հիմքով։
Ահռելի թղթարարությունից խուսափելու նկատառումով, հարկ կլինի նաև դադարեցնել կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ դիմումներ պահանջելու անհիմն ընթացակարգը,
- ինչպե՞ս արմատապես բարելավել ֆիզիկական արատ կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նյութական վիճակը։ Առնվազն 2 տարվա ընթացքում դադարեցվում է վիճակախաղեր կազմակերպող բոլոր կազմակերպությունների գործունեությունը, իսկ այդ ոլորտում ստեղծվում է միայն մեկ մենաշնորհային կազմակերպություն (պայմանականորեն՝ «Կարմիր խաչ» անվանումով), որի տնօրինումը վերապահվում է հաշմանդամների միությանը։
Ընդհանրապես, մեզանում հարկ է մի լավ վերանայել նաև խաղատների ու արդեն էլեկտրոնային հարթությամբ իրականացվող այլ ազարտային խաղերի երևույթը,
- ի՞նչ եղանակով բացառել, կամ առնվազն մեղմել գնումների ոլորտում ահագնացող չարաշահումները, երբ իբր անհետաձգելի համարելու տարաբնույթ պատճառաբանություններով նախապատվությունը տրվում է նախապես հայտնի մեկ անձին, չհաշված՝ շուկայականից բարձր գները։ Գնումները հարկ է կենտրոնացնել՝ բացառելով խիստ ծախսատար բազմաթիվ հանձնաժողովների ստեղծման էպոպեան ու չարաշահումների հնարավորությունը,
- ինչպե՞ս բարելավել օրենքների որակը, ձերբազատելով դրանք իշխանությանքմահաճույքներից։ Օրինագծեր մշակելու ողջ գործընթացը պետք է վերապահել միմիայն անկախ փորձագիտական կառույցներին, հանրային ծառայողները իրենց կախյալ կարգավիճակով ու պատրաստվածության աստիճանով պարզապես ի զորու չեն օրինագիծ մշակել։ Կառավարությունը, պատգամավորները պետք է ոչ թե իրենց առաքելությունը օրենք գրելը համարեն, ինչի համար ուղղակի ընդունակ չեն, այլ ձևավորեն հանրային լուրջ քննարկում անցած պատվեր,
- ինչպե՞ս բացառել տարրական հարցերով քաշքշուկները ու ձգձգումները պետական մարմիններում։ Լուծարել ներկայումս գործող գերատեսչական «մեկ պատուհանները», իսկ դրանց փոխարեն ստեղծել «Էլոկտրոնային կառավարման կենտրոն», որին քաղաքացիները կարող են դիմել ցանկացած վարչական հարցով, ազատված լինելով տարաբնույթ փաստաթղթեր նախապես հայթայթելու և հերթեր կանգնելու տհաճ պարտականությունից (դրանք հարկ եղած դեպքում ձեռք կբերվեն հենց այդ կենտրոնի կողմից՝ էլեկտրոնային հարցումների միջոցով),
- ինչպե՞ս բացառել կամ մեղմել պետական մարմիններում արմատացած կադրային, ֆինանսական և այլ չարաշահումները։ Պարտադիր ներդնել քաղաքացիական վերահսկողության ոչ թե ձևական, ուղղորդվող, այլ անանուն համակարգեր, երբ վերահսկողն անգամ ինքը տեղյակ չէ, թե կոնկրետ որ գործընթացի առնչությամբ է եզրակացություն տալիս,
- ինչպե՞ս լուծել աշխատանքային խեղում ստացած անձանց խնդիրը, եթե լուծարվել են նպաստ վճարող կազմակերպությունները։ Հարկ է ստեղծել Աշխատանքային խեղումների փոխհատուցման հիմնադրամ, որին խորհրդանշական չափով մուծումներ կկատարեն համապատասխան գործող կազմակերպությունները՝ երաշխավորելով հետագա հնարավոր փոխհատուցման գործընթացը։
Ինչպես տեսնում եք՝ կամք ու լսելու ունակություն է պետք, ոչ թե «կախարդական փայտիկի» մասին սրտաճմլիկ ու ոչինչ չասող ելույթներ։ Բնականաբար, հակիրճ շարադրանքը չի կարող հիմք հանդիսանալ սպառիչ պատկերացումների համար, սակայն յուրաքանչյուր այսպիսի առաջարկություն ուղեկցվում է անհրաժեշտ կառուցակարգային ու ընթացակարգային հիմնավորումներով։
Բավարարվեմ այսքանով, ուղղակի խիստ կարևոր համարելով այս անասելի խոցելի վիճակում գտնվող Երկիրը բարեփոխումների ճանապարհով ոտքի կանգնեցնելու գերխնդիրը, մշակել եմ մի ողջ համակարգ ...»։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Չմոռանանք, որ այս ամենից հետո անխուսափելիորեն լինելու են սահմանային գոտիներ
- Գևորգ Դանիելյան. Սահմանադրական իմպրովիզացիաների ժամանակը չէ
- Գևորգ Դանիելյան. Արծրունյան մեթոդաբանության մասին Սահմանադրության մեջ ոչ մի ակնարկ չկա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան