Ինչքա՞ն է խոսել «Լուսավոր Հայաստանը» Աժ-ում
«Պառլամենտ թարգմանաբար նշանակում է խոսելու վայր»,- այս գումարման ԱԺ-ի խորհրդարանական վերջին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով բոլոր այն մեղադրանքներին, որ ԱԺ-ում խոսելուց բացի գործ չեն անում։
Մարուքյանն իրազեկում է, խորհրդարանում մարդկանց բանուգործը խոսելն է՝ խոսել նախագծերի, օրենքների մասին, հարցեր տալ, խոսելով ընդդիմանալ, քննադատել կամ աջակցել։
«2019-ի հունվարի 14-ից սկսած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 17 պատգամավորներով 865 ելույթ են ունեցել, 771 հարց են տվել, դրանում ներառված չեն հանձնաժողովներում հնչեցրած հարցերն ու ելույթները»,- իրենց խմբակցության հաշվետվությունից մեջբերեց Մարուքյանը։
Նաև ասաց՝ խորհրդարանական խմբակցություններից միակն է, որ երեք անգամ հարցապնդմամբ է հանդես եկել, որոնք եղել են պետական մարմիններում աշխատատեղերի կրճատման հետևանքով առաջացող խնդիրների, բնապահպանական ծրագրերի թերակատարման, մշակույթի, կրթության ու գիտության ոլորտի խնդիրների մասին։
«Այս բոլոր դեպքերում մենք նախարարների անվստահության հարց ենք բարձրացրել»,- նշեց նա։
Մարուքյանը թվարկեց, 90-ից ավելի հայտարարությունների, ուղերձների նախագծեր են դրվել շրջանառության մեջ, կան նաև ընդունվածներ։
«Կան դեպքեր, երբ մեր բարձրացրած խնդրի վերաբերյալ նախագիծը մերժվել է, իշխանության նման նախագիծն ընդունվել»,- ասաց նա։
«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները խոսել են նաև ԵԽ-ում, խորհրդարանական դիվանագիտության մեջ ակտիվ է եղել խմբակցության ղեկավարը։
«Լոբբինգ եմ արել մեր ազգային շահերի շուրջ կոնսոլիդացիա ձևավորելու ուղղությամբ արտաքին հարթակներում, իմ ակտիվ աշխատանքի շնորհիվ ընտրվել են մարդու իրավունքների ու իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը»,- թվարկեց Մարուքյանը։
Եվրանեսթում աշխատել է Տարոն Սիմոնյանը, ԵԱՀԿ-ում՝ Անի Սամսոնյանը։
«Ես կոչ կանեմ քաղաքացիներին ծանոթանան մեր էջում դրված հաշվետվությանը, որը 30 էջ է, տեսնեն, թե ինչպես է մեր խմբակցությունը օգտագործել իրենց մանդատները հանուն ազգային շահերի»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին