«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումները շարունակվում են․ԿԳՄՍՆ
Շարունակվում են հանրային քննարկման ներկայացված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում-քննարկումները: Այս անգամ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության մասնագետները հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Փոխնախարարը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են «Հանրակրթության մասին» օրենքում՝ ընդգծելով, որ նմանատիպ հանդիպում արդեն կայացել է ոլորտի կառույցների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վերջիններս հանդես են եկել մի շարք առաջարկություններով:
«Կարևորում ենք, որ «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսվելիք փոփոխությունները մանրամասն քննարկվեն և փոխհամաձայնեցված ու ընկալելի լինեն նաև քաղաքացիական հասարակության համար: Այդ տեսանկյունից պատրաստակամ ենք լսել հասարակական կազմակերպությունների և փորձագետների կարծիքները ու դրանք հաշվի առնելով՝ ըստ անհրաժեշտության լրամշակել նախագիծը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ առաջարկվող փոփոխությունները թույլ կտան մեծացնել հանրակրթության համակարգի գործառնության արդյունավետությունը:
Փոխնախարարը նախատեսվող փոփոխությունները բաժանել է չորս հիմնական ուղղությունների՝ ներկայացնելով դրանց հիմքում ընկած շարժառիթները:
Առաջինը վերաբերում է ուսուցիչներին ուղղված քաղաքականությանը՝ ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման տեսանկունից: Ըստ նախարարի տեղակալի՝ փորձ է արվում ավելի ճկուն դարձնել պետության վարած քաղաքականությունը՝ ուսուցիչների աշխատանքային առաջխաղացման ու այդ տրամաբանության մեջ մասնագիտական ստանդարտների հասկացության ներդրման և ուսուցչի վարձատրության չափի հետ դրա փոխկապակցման առումով: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այդ համատեքստում կվերանայվեն նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, ինչպես նաև կփոխվի ատեստավորման և վերապատրաստման գործընթացների տրամաբանությունը՝ նախատեսելով պարզ և բարդ ընթացակարգեր, որպեսզի ուսուցիչների տարբեր խմբերի հանդեպ լինի տարբերակված մոտեցում:
Երկրորդ ուղղությունը ներառական կրթության փոփոխությունն է. այն ենթադրում է անցում կատարել այն մոտեցմանը, որ բոլոր դպրոցները լինեն ներառական: Այդ տեսանկյունից փոխնախարարը կարևորել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ձևակերպումը և գնահատման գործընթացին առնչվող փոփոխությունները՝ շեշտելով, որ էական խնդիր է նաև կրթության և այլ ոլորտների գործառույթների տարաբաժանման հարցը:
Երրորդ կարևոր ուղղությամբ նախատեսվում է փոփոխությունների ենթարկել այն դրույթները, որոնք վերաբերում են հանրակրթական չափորոշիչներին, ուսումնական պլաններին և ծրագրերին՝ փորձարկման ընթացքում գտնվող քաղաքականությունը և օրենսդրական ձևակերպումները բերելու մեկ ընդհանուր դաշտ:
Անդրադառնալով չորրորդ ուղղությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հիմնական մոտեցումը նույնն է՝ տնօրենների հավաստագրման գործընթացում ունենալ տարբերակված քաղաքականություն գործող տնօրենների և հավակնորդների հանդեպ: Մասնավորապես, նախատեսվում է, որ դպրոցի տնօրեն հանդիսացող և հավաստագիր ունեցող անձանց նորից այդ գործընթացն անցնելու պահանջ չներկայացվի, այլ ներդրվի ատեստավորման գործընթաց՝ այն սերտորեն կապելով տնօրենի ներկայացրած զարգացման ծրագրի իրականացման հետ: Միաժամանակ առաջարկվում է սահմանափակել նույն ուսումնական հաստատությունում որևէ անձի՝ որպես տնօրեն անընդմեջ պաշտոնավարելու ժամկետն առավելագույնը 10 տարով, ինչը կարող է խթանել կրթության կառավարման փորձառու մասնագետների ռոտացիան, ինչպես նաև դպրոցում ստեղծել միջավայր, երբ ներքին ռեսուրսը զարգանում է: Փոխնախարարի խոսքով՝ նախագծով նախատեսվում է բարձրացնել նաև խորհրդի նշանակությունն ու դերը, ինչպես նաև վերապատրաստումը դարձնել կամավոր:
Ժաննա Անդրեասյանի ելույթից հետո հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք հարցեր են ուղղել փոխնախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսուցիչների ատեստավորման գործընթացին, որը նախատեսվում է անցկացնել պարզ և բարդ ընթացակարգերով, ավագ դպրոցի վերափոխման անհրաժեշտությանը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառությանը: Այդ համատեքստում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ողջունել են բարեփոխումների իրականացումը, քանի որ, ըստ նրանց, նախագծով շեշտադրվում է ուսուցիչների կոմպետենցիաների զարգացման, վարքագծի և էթիկայի նորմերի պահպանման խնդիրը: Նրանց հատկապես հետաքրքրել է, թե ինչ մեխանիզմներով են իրականում կյանքի կոչվելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառությանն առնչվող մի շարք փոփոխություններ, և ինչպես են հստակեցվելու ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատող մասնագիտական ռեսուրսի ֆինանսավորման մեխանիզմները: Փոխնախարարը հանգամանալից պատասխանել է բոլոր հարցերին՝ կրկին ընդգծելով, որ հնչած բոլոր առաջարկություններն ու դիտողությունները հաշվի կառնվեն, և, ըստ անհրաժեշտության, նախագիծը կլրամշակվի: