Մակրոն․ Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից
«Այս աշխատանքային այցը տեղի է ունենում Հայաստանի համար կարևոր պահի, որը կանգնած է լուրջ ճգնաժամի առաջ` սպառնացող նրա անվտանգությանը», -հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ Ելիսեյան պալատում հանդիպման մեկնարկին։
Մակրոնի խոսքերով, նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ավելի քան 6 ամիս է անցել և եթե ընդհանուր առմամբ այն պահպանվում է, դեռ շատ բան կա անելու ու Ֆրանսիան պատրաստ է աջակցելու։ Մակրոնը նշեց, որ պետք է ազատ արձակվեն բոլոր ձերբակալվածները՝ ինչպես ռազմագերիներն, այլնպես էլ ձերբակալված մյուս անձինք։Մակրոնը կարևորեց նաև Լեռնային Ղարաբաղում ժառանգության պահպանումը:
«Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ միասին, Ֆրանսիայի պարտականությունն է ամեն ինչ անել դեէսկալացիայի ու երկխոսության վերականգնման համար՝ ներառյալ կողմերի միջև անմիջական երկխոսությունը»,-ասաց Մակրոնը։
Մակրոնը խոսեց վերջերս Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման մասին։
«Ես կուզեի վերադառնալ նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանին վերջին բռնի գործողություններին։ Ինչպես ասել եմ մայիսի 13-ին, սահմանների դելիմիտացիան երկու երկրների միջև պետք է տեղի ունենա բացառապես բանակցությունների միջոցով՝ առանց ուժի գործադրման։ Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից: Ես կոչ եմ անում երկու կողմերին՝ վերադառնալ մայիսի 11-ի իրենց ելման դիրքեր»,- հայտարարեց Մակրոնը։
Ֆրանսիան, Մակրոնի խոսքերով, ինչպես միշտ, Հայաստանի կողքին է դժվարին ժամանակներում։
Հումանիտար ոլորտում Ֆրանսիան աջակցել է Հայաստանին, կապ է հաստատվել տարբեր հիվանդանոցների միջև, բացառիկ աջակցություն է ցուցաբերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որն ապահովում է կապը Ադրբեջանում պահվող հայ գերիների ու նրանց ընտանիքների միջև։
Մակրոնի խոսքերով, մի շարք ոլորտներում առկա է լավ տնտեսական համագործակցություն, որի նպատակն է Հայաստանն ուղեկցել այդ ենթակառուցվածքների զարգացման գործում, առաջնահերթություն համարելով նաև գլոբալ տաքացման դեմ պայքարում ստանձնած պարտավորությունների պահպանումը։
«Մենք համերաշխ ենք Հայաստանի հետ ու կմնանք։ Այս փորձությունների ժամանակ Ֆրանսիան վճռական է, որ խաղաղությունը վերջապես վերադառնա տարածաշրջան»,-ասաց Մակրոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին