2020թ. հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ 5.4 %-ով. Մարտին Գալստյան
«Համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է ունեցել հարկային եկամուտների վրա և հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ 5.4 %-ով»,- 2020 թ. պետական բյուջեի կատարմանի հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա հայտնեց, որ հարկային եկամուտների նվազումը պայմանավորվել է եղել նաև հաշվետու տարվա երկրորդ եռամսյակում իրականացված՝ շահութահարկի գծով հիմնարար փոփոխություններով:
Մարտին Գալստյանը խորհրդարանականներին տեղեկացրեց, որ 2020 թվականին պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 16.3 %-ով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել կորոնավիրուսի համավարակի ու ռազմական դրության հետ կապված սոցիալական նպաստների, այլ ծախսերի, դրամաշնորհների և ոչ ֆինանսական ակտիվների, ինչպես նաև կենսաթոշակների գծով ծախսերի աճով:
Նրա խոսքով՝ 2020 թվականին հակաճգնաժամային միջոցառումների ֆինանսավորումը Կառավարության կողմից իրականացվել է պետական պարտքի կանխատեսվածից զգալի ծավալների ներգրավմամբ:
«Իրականացված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում պետական բյուջեի պակասուրդն աճել է՝ հասնելով ՀՆԱ-ի 5.4 %-ի, իսկ Կառավարության պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ մոտ 13.5 %-ով ավելացել է և կազմել 63.5 %՝ հատելով հարկաբյուջետային կանոններով սահմանված 60 % շեմային ցուցանիշը»,-հայտնեց ԿԲ նախագահը: