Այսօրվանից բացվում են Վրաստանի ցամաքային սահմանները
Այսօրվանից բացվում են Վրաստանի ցամաքային սահմանները: Որոշումը կայացրել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները մեղմելու շրջանակներում: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Խորհրդի որոշմամբ, ցամաքային սահմանները կգործեն նույն ռեժիմում, ինչ մինչ օրս գործում էր օդային սահմանի հետ կապված: Մասնավորապես, ցամաքային սահմանը հատել հնարավոր կլինի լիարժեք պատվաստումը հաստատող փաստաթուղթ և ՊՇՌ թեստի բացասական պատասխանով, կամ վերջին 72 ժամում անցկացված ՊՇՌ թեստի բացասական պատասխանով և այդ դեպքում, երկիր մուտք գործող անձինք պարտավոր կլինեն երրորդ օրը կրկին անցնել ՊՇՌ թեստավորում:
Բացի այդ, Կանադան, Ճապոնիան, Քուվեյթը, Չինաստանը, Հարավային Կորեան, Մոլդովան և Օմանը ավելանում են այն երկրների ցուցակին, որոնց քաղաքացիներն ու բնակիչները կարող են անցնել Վրաստանի սահմանը վերջին 72 ժամվա ընթացքում ՊՇՌ թեստի բացասական պատասխանով:
Վրաստան մուտք գործող այցելուները պարտավոր են ունենալ բժշկական ապահովագրություն՝ գնված իրենց երկրում կամ Վրաստանում: