«Ժողովուրդ». ՀՔԾ-ում Միհրան Պողոսյանի նկատմամբ հետախուզումը դեռ շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի համար արդեն փաստաթղթային առումով որևէ խանգարող հանգամանք չկա, որպեսզի մասնակցի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա այս տարվա մայիսի 24-ին դիմել էր Վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանն իր՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելուն պարտավորեցնի, և նրա հայցը բավարարվել է:
Հանրապետական կուսակցության մոտ կանգնած աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միհրան Պողոսյանն իր թիմակիցներին ու առաջնորդին ասել է, որ կարող են առանց մտավախության իրեն ընգրկել ընտրացուցակում, մնացած հարցերն ինքը կկարգավորի: Սակայն ուշագրավն այն է, որ Հատուկ քննչական ծառայությունում նրա նկատմամբ հետախուզումը դեռ շարունակվում է, որը հայտարարվել էր 2019 թվականին, երբ նա ներգրավվել է որպես մեղադրյալ, և, ըստ հաղորդագրության, նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Այսինքն՝ ստացվում է՝ Պողոսյանը Վարչական դատարանում հաղթել է և իրավաբանորեն փաստ ունի, որ վերջին 4 տարում ոչ թե հետախուզվել է, այլ բնակվել ՀՀ-ում։
Հիշեցնենք, որ նա 2019 թվականից Մոսկվայում է, անգամ նրա արտահանձնումը թողարկվեց։ Եվ հիմա ստացվում է, որ Մոսկվան Հայաստանն է, և Պողոսյանն ընտրացուցակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Ավելին՝ նա իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ ոչինչ իրեն չի խանգարի հաղթանակի համար։ Իսկ նա բազմիցս է ապացուցել, որ կայուն ձայներ ունի կոնկրետ համայնքում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: