«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը հնարավոր է որոշակի ռևերանսներ անի հայաստանյան ընդդիմադիր դաշտին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր է որոշակի քայլեր անի՝ ռևերանսներ, ուղղված հայաստանյան ընդդիմադիր դաշտին։ Ինչպես արդեն հայտնի է, Արցախի պետնախարարը հրաժարական է տվել, չի բացառվում, որ Հարությունյանն այդ պաշտոնում նշանակի ոչ թե իր սանիկ Արտակ Բեգլարյանին, ինչպես ծրագրել էր նախապես, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մտերիմ Կարեն Սարգսյանին, ով այժմ զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Վերջինս Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին է։
Նշենք, որ Արցախի ոչ իշխանական հատվածում սպասելիքներ ունեն հայաստանյան ընտրություններից, ավելի ճիշտ՝ կարծում են, որ սա Արցախը փրկելու վերջին հնարավորությունն է։ Ի դեպ, երեկ Արցախի խորհրդարանական ընդդիմությունը հաղթանակ է գրանցել՝ Սահմանադրական դատարանը բավարարել է ընդդիմադիրների դիմումը Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի պաշտոնավարումը չեղարկելու վերաբերյալ, քանի որ նա չի համապատասխանում այդ պաշտոնին, չունի բավարար ստաժ, բայց խորհրդարանական մեծամասնության զոռբայությամբ ընտրվել էր այդ պաշտոնում։ Ճիշտ է՝ նիստից մի քանի օր առաջ Բաղդասարյանն ինքնակամ հրաժարական էր տվել, սակայն ընդդիմադիրները կատարվածը համարում են իրենց հաղթանակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: