Ընտրակաշառքների հետ կապված որևէ ռեալ դեպք չի արձանագրվել. Փոխոստիկանապետ
Ընտրակաշառքների հետ կապված այս պահի դրությամբ որևէ ռեալ դեպք չի արձանագրվել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
«Եթե չեմ սխալվում, 27 նյութեր են նախապատրաստվում և ուսումնասիրություններ են կատարվում նախընտրական փուլում կատարված հանցագործությունների հետ կապված, այդ թվում՝ 14-ը գույքի, պաստառների վնասման հետ էր կապված։ Նշեմ, որ այդ 14-ից 12-ը կոնկրետ անձին պատկանող պաստառներ էին, որոնցից 5-ն արդեն իսկ բացահայտվել են»,- նշեց Ա. Ֆիդանյանը։
Նրա խոսքով, բոլորն էլ ֆիզիկական անձինք են, կարծում են՝ նախկինում քաղաքական որևէ թիմի անդամ չեն հանդիսատել, ստուգումները շարունակվում են։
Լրագրողի այն դիտարկմանը, թե իշխանությունը լծված է ագրեսիվ քարոզարշավի, քաղաքացիների վրեժի մասին է հայտարարվում, այս իրավիճակը ոստիկանությանը չի՞ անհանգստացնում, փոխոստիկանապետը պատասխանեց. «Այն բոլոր հայտարարությունները, որոնք տարբեր քաղաքական ուժեր կատարում են, միանշանակ մեր կողմից ուսումնասիրվում են, եթե առնչություն ունեն որոշակիորեն հասարակական կարգի անվտանգության հետ։
Իրենց ցանկությամբ կձեռնարկենք նաև հանդիպումների շարք բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ թե կանխարգելիչ, թե այլ բնույթի հարցերի քննարկման նպատակով»։
Ինչ վերաբերում է այսօր համացանցում տարածված տեսանյութին, որում պատկերված է ձեռնաշղթաներով մերկ տղամարդը ոստիկանության բաժանմունքներից մեկում, նա նշեց, որ դա տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերին։
«Խոշտանգման որևէ դեպք առկա չէ։ Եթե չեմ սխալվում, տվյալ անձը հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող անձ է եղել, և հենց այդ վիճակով էլ եկել է ոստիկանության բաժին: Նա եկել և փորձել էր ոստիկանության բաժնում որոշակի անհամաչափ գործողություններ կատարել»,- նշեց Ա.Ֆիդանյանը։
Անդրադառնալով երեկ Զվարթնոց թաղամասում քրեական հեղինակություն համարվող «Դոն Պիպոյի» եղբոր սպանության դեպքին՝ փոխոստիկանապետն ասաց. «Քրեաբանական առումով եթե խորությամբ ուսումնասիրում ենք, ապա այսօրվա ժամանակահատվածն այնպիսին է, որ նման դեպքերի աճ պետք է լիներ, մենք դա կանխատեսել ենք՝ հաշվի առնելով հետպատերազմյան շրջանը, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության ծավալները, նաև այն բարդույթները, որոնք առաջացել են հենց հետպատերազմյան շրջանում։
Ոստիկանությունը բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում։ Մեծ թվով զենք-զինամթերք ենք հայտնաբերել, այլ բնույթի աշխատանքներ ևս տարվում են»։