Այսօր կկայանա Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը
Այսօր Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում կկայանա Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը։
Հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարները՝ Լուկա Բիլբիյայի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ամեր Մաչիչը և Դավոր Բելյոն: Չորրոդ պաշտոնյան է Իգոր Պայաչը Խորվաթիայից։
Երեկ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասել է, որ Խորվաթիայինը շատ լավ հավաքական է` շատ ուժեղ ֆուտբոլիստներով:
«Խորվաթիան հիանալի հավաքական ունի: Թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս աշխարհի լավագույն առաջնություններում, Ոսկե գնդակի դափնեկիր ունեն, շատ ուժեղ հավաքական է:
Սակայն սա ֆուտբոլ է, ամեն ինչ որոշվում է դաշտում: Շատ կուզեմ, որ թե´ Հայաստանի, և թե´ Խորվաթիայի հավաքականները այս ընկերական խաղից ստանան այն, ինչ ուզում են»,- ՀՖՖ հաղորդմամբ, ասել է Կապառոսը: