Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Տոնը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին։ Այն հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։
Ամեն ինչ սկսվել է անցած դարի սկզբին։ Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին որոշել է հավաքել երեխաներին, որոնք կորցրել էին իրենց ծնողներին և նրանց համար տոն կազմակերպել: Տոնը ըստ Չինական ավանդույթի կոչվում է Վիշապանավերի փառատոն: Նույն օրը Ժնևում տեղի է ունեցել կոնֆերանս նվիրված մատաղ սերնդի հիմնախնդիրներին: Այս երկու իրադարձությունների շնորհիվ ծնվել է գաղափար ստեղծել փառատոն նվիրված երեխաներին:
1989 թվականին ՄԱԿ-ը հաստատել է Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին, որոշիչ պարտականություններ բոլոր պետություններին իր անչափահաս քաղաքացիների հանդեպ: Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության կազմակերպությունները հունիսի 1-ին կիրականացնեն բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ. Ազատության հրապարակը կվերածվի հեքիաթային վայրի
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանի քաղաքապետարանի և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարակից տարածքն ու Ազատության հրապարակը կվերածի հեքիաթային վայրի։
Ժամը 16:00-ից Ա. Խաչատրյանի արձանի շրջակայքում կբացվի մանկական գրքերի ցուցահանդես-վաճառք: Տաղավարներում «Անտարես», «Զանգակ» և «Արևիկ» հրատարակչությունները խաղերի և այլ ինտերակտիվ միջոցառումների միջոցով երեխաներին կներկայացնեն ցուցադրվող բազմազան ու գունեղ մանկական գրականություն։ Երեխաները կհանդիպեն գրքերից «փախուստի դիմած» հերոսներին, կզրուցեն ու կխաղան նրանց հետ, կկերպարանափոխվեն, կնկարեն մոլբերտների վրա։
Ցուցահանդես-վաճառքը կտևի մինչ ուշ երեկո։ Ժամը 17:00-ից նույն տարածքում դերասան-խաղավարների միջոցով կկազմակերպվեն ազգային խաղեր, պաղպաղակի և քաղցրավենիքի հյուրասիրություն («Հեփիում» զվարճանքների կենտրոնի մասնակցությամբ)։
Ժամը 18։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքից կհայտնվի անսպասելի անակնկալը, որը երեխաների տոնը կվերածի իրական հեքիաթի («Ալեքս Ռիթեյլ Քամփնի» ընկերության աջակցությամբ)։
Ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կմեկնարկի «Գտնված մեղեդի» խորագրով համերգը։ Կհնչի երաժշտություն՝ Հանրային հեռուստաընկերության կողմից ցուցադրված արտասահմանյան և հայկական սիրված մուլտֆիլմերից: Համերգի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումներին կմիանան «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի սաները» (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան): Գունեղ և հետաքրքիր պատմություններով կներկայացվեն կատարվող ստեղծագործությունները: Երաժշտական ստեղծագործությունների կատարման ընթացքում կցուցադրվեն մուլտֆիլմերից հատվածներ: Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Ազատության հրապարակում լուսանկարների միջոցով կներկայացվի 65 տարիների ընթացքում Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված, լավագույն մանկական հաղորդաշարերի պատմությունը:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության կենտրոն. Զվարճալի դասական երաժշտություն
Հունիսի 1-ին՝ ժամը 20:30-ին, բոլոր փոքրիկներին և նրանց ծնողներին հրավիրում ենք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգի՝ զվարճալի դասական երաժշտություն ունկնդրելու:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բացօթյա համերգին հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը կներկայացնի ազգային նվագարանների մասին կրթական ծրագիր, ինչպես նաև կցուցադրվեն դասական երաժշտության հիման վրա նկարահանված սիրված մուլտֆիլմեր:
«Ցուցանմուշները պատմում են. արի ստեղծագործենք միասին» խորագրով միջոցառում՝ Հայաստանի պատմության թանգարանում
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ հունիսի 1-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի պատմության թանգարանը կիրականացնի «Ցուցանմուշները պատմում են. արի ստեղծագործենք միասին» խորագրով միջոցառում՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հայորդաց տների սաների հետ համատեղ:
Նախագծի շրջանակում սաներն իրենց ստեղծագործական փորձով կկիսվեն փոքրիկների հետ, հնարավորություն կունենան Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների կրկնօրինակների և լուսանկարների, ինչպես նաև վարպետաց դասի միջոցով ծանոթանալու հայկական գորգագործության, փայտագործության, քանդակագործության, խեցեգործության, մանրանկարչության, գեղանկարչության և սվաստիկայի գաղտնիքներին:
ԳԱԹ. «Պատանի» ակումբ. «Մեծերը՝ մանուկ» ժամանակավոր ցուցադրություն
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Գրականության և արվեստի թանգարանն առաջարկում է մի շարք ինտերակտիվ միջոցառումներ՝ փոքրիկ այցելուների համար:
Ժամը 12:00-ին հանդիսականների ներկայությամբ կբեմադրվի «Պապն ու շաղգամը», «Չարի վերջը» և «Կիկոսի մահը» ստվերների թատրոնի ինտերակտիվ ներկայացումների շարքը:
Ժամը 14:00-ին «Մեծերը՝ մանուկ» ժամանակավոր ցուցադրության բացմամբ կազդարարվի «Պատանի» ակումբի մեկնարկը: Ցուցադրության կազմակերպման աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են ակումբի անդամ փոքրիկները:
Հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը փոքրիկ արվեստասերների համար կիրականացնի «Երեք արմավենի» պատկերազարդ մուլտֆիլմի դիտում: Մուլտֆիլմը ներկայացնում է Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմի հիման վրա գրված՝ Ալեքսանդր Սպենդիարյանի սիմֆոնիկ պատկերի ստեղծման պատմությունը: Ժամը 15:00-ին փոքրիկները հնարավորություն կունենան նաև մասնակցելու «Ալմաստը փոքրիկների համար» տիկնիկային ներկայացմանը, որը հագեցած է ձայնային և լուսային էֆեկտներով:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան. «Տեսնող սրտեր» հոբելյանական մենահամերգ
Հունիսի 1-ին՝ ժամը 14:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ կունենա ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ. Երեխաները՝ երեխաների համար
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Երեխաները՝ երեխաների համար» խորագրով համերգ։ Ելույթ կունենա «Չայկովսկի» կամերային նվագախումբը:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն
Հունիսի 1-ին՝ ժամը 11:00-16:00-ն, գրադարանում կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ: Երեխաները կդիտեն տիկնիկային ներկայացում՝ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», հաջորդիվ նրանց մասնակցությամբ «Մանկության մոլորակ» խորագրով տեղի կունենան նկարչություն և կավճանկարչություն: Երեխաները ժամանակակից մանկագիրներ Լիլիթ Ալթունյանի, Օլգա Դարյանի ստեղծագործությունների հիման վրա նկարազարդումներ կանեն: Այնուհետև տեղի կունենա «Գագիկն ընկել է երազների գիրկը» գրքի ինտերակտիվ խաղ-քննարկումը հեղինակ Աննա Ասլանյանի հետ: «Հեքիաթապատումների շարք» խորագրի շրջանակում դերասան Ստեփան Շահինյանը երեխաների համար հեքիաթ կպատմի, և կցուցադրվեն հայկական մուլտֆիլմեր:
Ազգային գրադարանը սիրով հրավիրում է բոլոր փոքրիկներին՝ օրը նշելու ուրախ մոլորակի մանուկների հետ
Հունիսի 1-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանում համերգային ծրագրով հանդես կգան «Մանուկների մոլորակ» գեղագիտական կենտրոնի փոքրիկ սաները (կենտրոնի հիմնադիր՝ Անուշ Խաչատրյան, գեղարվեստական ղեկավար, մանկական երգերի հեղինակ` Զառա Սարիբեկյան):